Ալավերդու պղնձաձուլարանի հետ կապված մենք լուծումներ ենք փնտրում եւ ամենօրյա կապի մեջ ենք «Վալլեքս» խմբի ղեկավարության հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Ցանկանում եմ ընդգծել, որ Ալավերդու պղնձաձուլարանի հետ կապված մենք լուծումներ ենք փնտրում եւ ամենօրյա կապի մեջ ենք «Վալլեքս» խմբի ղեկավարության հետ: Արդեն իսկ ունենք մի շարք առաջարկներ, որոնք նախատեսում ենք քննարկել երկուշաբթի օրը, երբ կկայանա փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի եւ «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հերթական հանդիպումը: Նշեմ, որ ավելի վաղ նախատեսվող հանդիպումը հետաձգվել է մինչ երկուշաբթի, քանի որ պարոն Մեջլումյանը բացակայում է Հայաստանից:

Բացի այդ՝ այսօր երեկոյան ընդունելու եմ Ալավերդու պղնձաձուլարանի մի խումբ աշխատակիցների՝ նրանց հուզող հիմնախնդիրները լսելու նպատակով»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ալավերդու պնձաձուլական գործարանն այսօրվանից տեխնիկապես չի աշխատում: Գործարանի մոտ 650 աշխատակիցներ, ի նշան գործարանը փակվելու դեմ բողոքի այսօր փակել են դեպի Վրաստանի սահման տանող միջպետական ճանապարհը:

Հիշեցնենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի տնօրինությունը լուրջ խնդիրների առջեւ է կանգնած: Ըստ որոշ տեղեկությունների՝ գործարանն արդեն հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան բանկի սեփականությունը:

Աշխատակիցները Կառավարությանն առաջարկ-պահանջներ են ներկայացրել, որոնցից մեկն այն է, որ արտանետումների թույլատրելի ծավալը բարձրացնեն: Այս պահի դրությամբ գործարանն իրավունք ունի արտանետելու մոտ 6000 տոննա ծծմբային անհիդրիդ, սակայն արտանետում է 33 000 տոննա: Բնականաբար, տեսչական մարմնի ստուգումներից հետո գործարանը տուգանվել էր 380 մլն դրամով: