ՀՀ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողով համար կարեւոր պետք է լինի քննարկման առարկա դարձնել գազի խտությունն ու կորուստների չափը։ Այս մասին հանձնաժողովի անդրանիկ նիստում նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռոմիկ Մանուկյանը:

«Շեշտը պետք է դրվի գազի խտության եւ կալորիականության վրա: Առհասարակ,  այն հիմնական կորուստները, որոնք ներկայացվում են, որովհետեւ, երբ ներկայացվում են սպառողի եւ գազախողովակաշարի կորուստները, ապա տեսնում ենք, որ թվերը տարբեր են։ Կորուստների գումարը վճարում է սպառողը, իսկ այդ կորուստների հիմնական մասը գնում է ստվերային վաճառքի՝ գազալցակայաններով եւ այլ ճանապարհներով»,- ասաց պատգամավորը։

Վերջինս առաջարկեց սահմանել հստակ սակագներ բոլորի համար, ոչ թե մի խավի համար այս սսկագինն է, մեկ ուրիշ խավի համար՝ մեկ այլ սակագին. «Որ չլինի սակագին ունեւորի եւ չունեւորի»:

Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը համաձայնեց, որ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների իջեցումը չպետք է վերաբերի միայն սոցիալապես անապահով խավերին. «Մենք պետք է համարձակ, լայն քաղաքականություն վարենք»:

Անդրադառնալով «Գազպրոմի» շահութաբերության խնդրին, Միքայել Մելքումյանը ընդգծեց. «Օրինակ «Գազպրոմի» համակարգում ամենամեծ ծախսատեսակը աշխատավարձի ֆոնդն է՝ 12 մլրդ դրամ տարեկան: Պետք է հասկանանք, նրանց շահութաբերության խնդիրը․ առաջին 50 պաշտոնյան ինչքան աշխատավարձ են ստանում: երբ կորուստների հարցը քննարկենք, դուրս է գալու, որ այդ խողովակների ահագին մեծ մասը մեծ անցքեր ունեն»: