Սյունիքի մարզպետի թեկնածության մասին մտածելով՝ ցանկացել եմ, որ այդ մարդը լինի զինվորական բարձրագույն կոչում ունեցող, որպեսզի ի վիճակի լինի ոտքերի վրա պինդ կանգնել եւ անհրաժեշտության դեպքում ձեռքը խփել սեղանին եւ այդ թեմայի մասին մտածելիս, այո, ես կանգ եմ առել Հունան Պողոսյանի թեկնածության վրա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19–ին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղի ունեցած հանրահավաքում։

Նա նշեց, որ, ցավոք սրտի, Սյունիքում հաճախ արձանագրվում է թմրամիջոցների խոշոր խմբաքանակների ներհոսք դեպի Հայսատան եւ  այդ թմրամիջոցների մի մասը դուրս է գալիս Հայաստանով՝ վտանգելով մեր երկրի հեղինակությունը, մյուս մասը մնում է Հայաստանում՝ վտանգելով մեր երիտասարդությանը։

«Եվ ինձ համար հատուկ կարեւորության խնդիր է ջարդել այդ նարկոթրաֆիկինգի ողնաշարը։ Միամտություն կլինի կարծել, թե դրանով միայն օտարերկրացիներն են զբաղվում, օտարերկրացիները չեն կարող գործել, եթե տեղում չուենան գործակիցներ»,–ասաց Նիկոլ Փաշինյանը։

Օլիգարխիայի առումով ամենառիսկային գոտին, Փաշինյանի խոսքով, Սյունիքի մարզն է. «Այսօր Կապանում զբոսանքի ժամանակ բազմաթիվ քաղաքացիներ մոտենում եւ ասում են, որ այստեղ փորձ է արվում վերականգնել օլիգարխիական հին տրամաբանությունը։ Ահազանգում են, որ կրիմինալի ազդեցությունը շարունակում է ծանրակշիռ մնալ։ Չենք կարող թույլ տալ, որ ազատագրված Սյունիքում այսպիսի երեւույթները զարգանան»։

Վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ սրանից առաջ Հունան Պողոսյանին հանդիպել է փշալարերից այն կողմ՝ նա իրեն մեքենա է նստեցրել եւ  ուղարկել Շտապ օգնության հիվանդանոց։

Բոլոր առարկություններին, որ Պողոսյանը բարձրաստիճան ոստիկան էր բարիկադների այն կողմում, Փաշինյանը հակադարձեց Վալերի Օսիպյանի եւ Արթուր Վանեցյանի օրինակներով. Նրանց թեկնածության էլ շատերը դեմ էին, բայց այսօր, Փաշինյանի խոսքով, ողջունում են։

«Սա է նոր Հայաստանի հեղափոխությունը։ Պարոն Պողոսյան, ես հույս ունեմ, երբ հաջորդ անգամ գանք, մարդիկ ձեզ նույն կերպ կողջունեն Սյունիքի բոլոր քաղաքներում, որովհետեւ դուք պարտավոր եք ծառայել ժողովրդին»,–ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնեմ, որ հոկտեմբերի 16–ին նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ։