Ռուսաստանում խոշորագույն արդյունաբերական կշեռքներ արտադրող Հարավ–Ուրալյան կշեռքի գործարանը (URAL SABLE) մտադիր է հայկական շուկա մտնել։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել է գործարանի վաճառքի գծով մենեջեր Յուլիա Սամոխինան։

Նրա խոսքով՝ այս նպատակով էլ ընկերությունը մասնակցում է հոկտեմբերի 17-19-ը Երեւանում անցկացվող միջազգային EXPO-RUSSIA ARMENIA ութերորդ արդյունաբերական ցուցահանդեսին։

«Այստեղ մենք ներկայացրել ենք մեր արտադրանքի ողջ սպեկտրը՝ սկսած տենզոմետրիկ հաղորդչից մինչեւ տարբեր մոդիֆիկացիաների կշեռքներ»,–նշել է Սամոխինան։

Նա հավելել է, որ որոշակի նախնական պայմանավորվածություններ հայկական ձեռնարկությունների հետ արդեն ձեռքբերվել են։

«Հույս ունեմ, որ ցուցահանդեսին մասնակցելուց հետո ընկերությունը կկարողանա արտահանել իր արտադրանքը Հայաստան»,–նշեց URAL SABLE գործարանի վաճառքի գծով մենեջերը։

Գործարանը, շարունակեց նա, արտադրում է կշեռքների լայն տեսականի՝ ավտոմեքենաների կշեռքներ, վագոնային, երկաթուղային, հարթակային, ինչպես նաեւ հատուկ նշանակության կշեռքներ (կշռման ոչ ստանդարտ համակարգեր)։

«Մեր արտադրանքը մեծ պահանաջարկ ունի ՌԴ–ում, իսկ վերջին 10 տարում ինտենսիվորեն գրավում է արտասահմանյան շուկաները»,–նշել է  URAL SABLE–ի ներկայացուցիչը։

Գործարանի կողմից թողարկվող կշիռները պահանջարկ ունեն արդյունաբերության տարբեր ոլորտներում, գյուղատնտեսության եւ պահեստավորման, երկաթուղային հաղորդակցության եւ այլ ոլորտներում:

Գործարանն իրականացնում է արտադրական եւ էլեկտրոնային կշեռքների մշակման եւ արտադրության, ինչպես նաեւ կշռման սարքավորումների մոնտաժի եւ տեղադրման աշխատանքների եւ ծառայությունների ամբողջական փաթեթ:

Այն նաեւ իրականացնում է երաշխիքային եւ հետ երաշխիքային սպասարկում, տրամադրում է պլանային վերանորոգման ծառայություններ։ URAL SABLE–ն ռուսական շուկայում գործում է 2002 թվականի շուկայում։