33-ամյա Մարինե Վարդանյանն ամուսնու՝ Գարսեւան Բարսեղյանի եւ վեց անչափահաս երեխաների հետ բնակվում են Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի հանրակացարաններից մեկում՝ 15 քմ մակերեսով մեկ սենյականոց բնակարանում՝ սոցիալապես ծանր պայմաններում:Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Մարինեն: Վերջինս հայտնեց, որ մեծ տղան 9 տարեկան է, փոքր աղջիկը՝ մեկ ամսական.

«Դժվարություններ մեր ընտանիքում շատ են, իսկ սփոփանքն այդ դժվարությունների հաղթահարման ճանապարհին՝ երեխաներս: Նրանք մեր գանձերն են ու նրանցով ենք մենք ապրում: Ես Գյումրիից եմ, ամուսնացել եւ եկել եմ Արզական, սկզբից կեսուրենցս տանն էինք ապրում, բայց քանի որ ընտանիքը մեծ էր, ամուսինս էլ պիտի աշխատանքի բերումով Էջմիածին գնար, մենք տեղափոխվեցինք Էջմիածին, մեկի ֆերմայում էինք աշխատում:

Հետո, աշխատանքի բերումով անընդհատ տեղից տեղ ենք գնացել, անգամ դոմիկում ենք ապրել, մեր կյանքը գնչուների կյանքի է նման, անընդհատ տեղափոխությունների մեջ ենք: 2014թ-ից Չարենցավանի հանրակացարանի այս սենյակում ենք, որն արդեն սեփականաշնորհել ենք, սակայն այստեղ խնդիրները բազմաթիվ են ու բազմազան: Մեկ սենյակ ու մեծ ընտանիք՝ սանհանգույց չկա, խոհանոց նույնպես, բոլորը ընդհանուր է, կոմունալ ոչ մի հարմարություն չկա, հետն էլ խոնավությունը»,- NEWS.am-ին պատմեց Մարինեն՝ հավելելով, որ մի կերպ են ծայրը ծայրին հասցնում:

Մարինեի ամուսինը՝ Գարսեւանը, Չարենցավանում որպես բանվոր է աշխատում. կնոջ հավաստմամբ՝ ստանում 50-60 hազար դրամ աշխատավարձ: Բացի ամուսնու աշխատավարձից նրանց եկամուտի միակ աղբյուրը երեխաների նպաստն է՝ 63 000 դրամ: Դրանցով առաջնահերթ կոմունալ վճարումներն են անում եւ ուտելիք գնում.

«Գործի բերումով ամուսինս հավաքում է հյուրանոցների, խանութների կառդոնները: Նա էլ առողջական խնդիրներ ունի՝ սրտի հետ կապված, ես էլ՝ թոքաբորբ եմ տարել հղիության ընթացքում եւ կիսատ եմ թողել բուժումս: Չնայած առողջական խնդիրներին՝ ամուսինս երբեք պարապ չի մնում, նա միշտ աշխատում է, որ գոնե ծայրը ծայրին հասցնենք:

Նա նաեւ արհեստավոր է, կարողանում է տեխնիկական սարքավորումներ նորոգել, եթե դրա կարիքը լինում է:Ես էլ տարբեր խմբակների եմ հաճախել ու կաշխատեի, պարզապես երեխաներիս խնամող չկա: Շատ հարցերում ամուսնուս ընտանիքն է օգնում: Սենյակը հոսանքով ենք տաքացնում: Մեծերս դպրոց են հաճախում:

Ուսուցիչները գիտեն, որ մեր տունը շատ փոքր է, այդ պատճառով դպրոցականներիս մեկ ժամ ավել են պահում, դասապատրաստում անում, նոր ճանապարհում տուն: Մեր մոտերում կենցաղի տուն կա, որտեղ բազմազավակ երեխաների համար խմբակներ կան բացված,ստիպված երեխաներիս ցերեկներն ուղարկում եմ այդ խմբակ, որպեսզի տանը մյուսների համար տեղ լինի»,-պատմեց Մարինեն:

Երիտասարդ ընտանիքի միակ երազանքն ու ցանկությունը բնակարան ունենալն է, որպեսզի ընտանիքի բոլոր անդամները տեղավորվեն: Պատրաստ են նաեւ վարձով բնակվել, սակայն չեն կարողանա վարձը տալ: Չարենցավանում բնակվող այս ընտանիքին օգնել ցանկացողները կարող են զանգահարել 077973036 կամ 094130115 հեռախոսահամարներով՝ Մարինեին, Գարսեւանին: