Microsoft ընկերության հիմնադիրներից մեկի՝ Փոլ Ալենի մահվան պատճառը սեպտիկ շոկն է եւ իմունիտետի անկումը՝ որպես լիմֆոմայի տեսակներից մեկի հետեւանք, հայտնում է TMZ-ն:

Ալենի մահվան վկայականում նշված է, որ մահը գրանցվել է հոկտեմբերի 15-ին ԱՄՆ Արեւմտյան ափի ժամանակով 12:35-ին: Մարմինը զննել են Սիեթլի (Վաշինգթոն նահանգ) բժշկական կենտրոնի բժիշկները:

Ալենը Microsoft-ը հիմնադրել է Բիլ Գեյթսի հետ 1975 թվականին: Երբ նրա մոտ առաջին անգամ հիվանդությունն ախտորոշել են, Ալենը ստիպված էր ընկերությունից հեռանալ: Նա պահպանել է բաժնետոմսերի մեծ փաթեթը եւ շարունակել զբաղվել ակտիվ հասարակական գործունեությամբ: Փոլ Ալենը պարբերաբար փող էր հատկացնում բարեգործական ծրագրերին, հովանավորում էր գիտական հետազոտությունները եւ Սիեթլում հիմնադրել էր Գիտական ֆանտաստիկայի թանգարանը:

Այս տարվա մարտին հրապարակված Forbes-ի միլիարդատերերի ցուցակում բիզնեսմենը 44-րդ տեղում էր՝ մոտ 20,5 մլրդ կարողությամբ: