Amnesty International կազմակերպությունը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի կողմից կատարվող լրագրող Ջամալ Հաշքաջիի սպանության քննության «անկողմնակալությունը» կշարունակի մնալ կասկածելի այն բանից հետո եւս, երբ թագավորության պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են Ստամբուլում թագավորության հյուպատոսարանում վեճի հետեւանքով նրա մահվան մասին, փոխանցում է Аssociated Press-ը:

Կազմակերպության ներկայացուցիչ Ռոյա Ռագեն շաբաթ հայտարարել է, որ իրավապաշտպան կազմակերպությունները միանգամայն հստակ պնդել էին «ՄԱԿ անկողմնակալ եւ անկախ հետաքննության անհրաժեշտության մասին՝ տեղի ունեցածը պարզելու եւ Հաշքաջիի համար արդարադատության երաշխավորման նպատակով»:

Նա հավելել է, որ իրավապաշտպան կազմակերպությունները շահագրգռված են հստակ եւ անկողմանակալ հետաքննությամբ:

Հիշեցնենք, որ Washington post-ի լրագրող Ջամալ Հաշքաջին անհետացել էր հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան այցելելուց հետո: Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել էին, որ լրագրողը մահացել է հյուպատոսարանի շենքում ծեծկռտուքի հետեւանքով:

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Հաշքաջին դաժանորեն սպանվել է եւ մասնատվել: