Աջ ղեկով մոտ 150 մեքենա այս պահին մնացել է հայ–վրացական սահմանի Բագրատաշենի անցակետում։ 20 օր է՝ ներկրողները չգիտեն, թե ինչպես է հարցը լուծվելու։

NEWS.am—ի հետ զրույցում Հայաստանում Autocom Japan ճապոնական ընկերության մասնաճյուղի տնօրեն Արտյոմ Դավթյանը նշեց, որ միայն իրենց ընկերության միջոցով Հայաստան պետք է ներկրվի ավելի քան 2000 մեքենա։

«Տրանսպորտի, կապի եւ ՏՏ ոլորտի նախարար Հակոբ Արշակյանը մի քանի օր առաջ ասել է, թե ներկրողները, սեփականատերերը թող Վրաստան տանեն ծախելու, ուրիշ տարբերակներ մտածեն։ Բայց սա մեզ ձեռնտու չէ, սա աբսուրդ առաջարկ է, նախարարին ոչ հարիր պատասխան էր, որովհետեւ սա նշանակում է, որ ինքը ծանոթ չէ Վրաստանի օրենքներին, պաշտոնը նոր է, երեւի թե դրա համար տեղյակ չի, որ այդ տարբերակը չի կարող լինել»,– ասաց Արտյոմ Դավթյանը։

Նա նշեց, որ սպասում են, թե երբ Կառավարությունը քննարկումներ կսկսի հարցը լուծելու համար։ Արտյոմ Դավթյանը նաեւ ակնկալում է, որ իշխանություններն իրենց ապացույց կներկայացնեն, թե ինչու պետք է աջ ղեկով մեքենաների ներկրումն արգելվի Հայաստանում. «Նույնիսկ Կառավարությունում կան մարդիկ, որոնք նույնպես տեղյակ չեն եղել, որ հոկտեմբերի 1–ից հետո հնարավոր չէ մեքենա ներկրել։ Այսինքն իրենք տեղյակ չեն, մենք պետք է տեղյակ լինեի՞նք»։

Հիշեցնենք, որ ԱԺ–ն մարտի 1-ին ընդունել էր «Հայաստան աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը ժամանակավորապես արգելելու մասին» օրենքի նախագիծը՝ համաձայն որի 2018-ի ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ն է արգելվում Հայաստան ներկրել աջ ղեկով ավտոմեքենաներ, իսկ արդեն ներմուծված ավտոմեքենաների շահագործումը չէր արգելվում երկրի ներսում:

Ըստ «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ օրենքի նախագծի` երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվելու ժամանակ փոփոխություն է կատարվել եւ հանվել է նախագծից «ժամանակավոր» բառը: Օրենքը մարտի 16-ին ստորագրվել է ՀՀ այլեւս նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, որի համաձայն` ապրիլի 1-ից ընդհանրապես արգելվում է աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների «Բաց թողնումը ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով: