Հնդկաստանի Փենջաբ նահանգում, որտեղ գնացքը մխրճվել էր կրոնական տոնին մասնակցող մարդկանց բազմության մեջ, մահացել է առնվազն 61 մարդ, ավելի քան 70-ը՝ վիրավորվել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:

«Մահացել է 61 մարդ, այդ թվում՝ կանայք եւ երեխաներ, 72-ը վնասվածքներ է ստացել, նրանց տեղափոխել են հիվանդանոցներ»,- ասել է տեղացի մի պաշտոնյա:

Ավելի վաղ հաղորդվում էր 50 մարդու մահվան մասին:

Ամրիթսար քաղաքի ծայրամասում գնացքը բազմության մեջ էր մխրճվել ուրբաթ երեկոյան: Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ աղետի պահին երկաթուղու վրա եղել է 300-ից մինչեւ 700 մարդ, որոնք հետեւում էին «Ռամայանա» էպոսի հերոսներից Ռավանայի խրտվիլակի հրկիզմանը:

Ողբերգությունը տեղի է ունեցել արեւամուտից հետո, գնացքը մթության մեջ ընթացել է մեծ արագությամբ: Ականատեսների խոսքով՝ տոնակատարության մասնակիցները կարող էին չլսել մոտեցող գնացքի ձայնը հրավառությունների պայթյունների աղմուկի պատճառով: