2017թ.–ի հունվարին Երեւանի կենտրոնում 18–ամյա ուսանող Վահե Մուրադյանի սպանության մեջ մեղադրվող Կարեն Չատիկյանը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման։

Երեւանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Մուրադյանի կուրսընկերոջը՝ Կարեն Չատիկյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 113-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ եւ նրա նկատմամբ որպես վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 10 տարի ժամկետով։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Կարեն Չատիկյանը 2017թ. հունվարի 11-ին Վարդանանց փողոցի շենքերից մեկի բակում գտնվող բացօթյա տաղավարում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում իր մոտ եղած դանակով հարվածել է Ռաֆֆի Մարտիրոսյանին եւ Վահե Մուրադյանին, ինչի հետեւանքով Ռաֆֆի Մարտիրոսյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս, իսկ Վահե Մուրադյանին ապօրինաբար դիտավորությամբ զրկել կյանքից:

Նշենք, որ եւ Կարենը եւ Վահեն Երեւանի պետական համալսարանի ուսանողներ են եղել: Դատաքննության ընթացքում պարզ էր դարձել, որ վիճաբանության եւ դանակահարության պատճառը «դոդիկ» բառն է եղել։