Մենք պարտադիր պետք է մասնակցենք բոլոր քաղաքական գործընթացներին, որովհետեւ մեր երկրում փոփոխություններ անելու համար անհատի գործողությունները որոշիչ դեր չեն կարող ունենալ, պետք է իրականացնել համակարգային փոփոխություններ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, «Արժանապատիվ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ ասաց կուսակցության հիմնադիր Մարինա Խաչատրյանը, որը նախկինում անդամակցում էր Զարուհի Փոստանջյանի «Երկիր Ծիրանիին»։

«Այո, մեր երկրում փոփոխությունները սկսվել են, սակայն դա դեռ բավական չէր զարգացած եւ առողջ պետություն ունենալու համար։ Մենք բանակցություններ ունեցանք որոշ քաղաքական ուժերի եւ անհատների հետ, լսեցինք նրանց ծրագրերը, կարծիքը, մոտեցումները եւ որոշում կայացրինք ինքներս մեր ծրագրերը ներկայացնել հանրությանը եւ պայքարել մեր հայրենիքի զարգացման ուղղությամբ»,- ասաց Մարինա Խաչատրյանը։

Մարինա Խաչատրյանը նշեց, որ իրենց կուսակցությունը չի ունենալու նախագահ, այն կոլեգիալ է ղեկավարվելու. «Կոլեգիալ մարմինը կունենա համակարգող մարմին անվանում, որը կունենա նախագահ, սակայն նախագահը միանձնյա որոշումներ չի կարող կայացնել»։