Բունդեսթագի արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Նորբերտ Ռետգենը՝ Քրիստոնեադեմոկրատական միությունից, համարում է, որ ԳԴՀ-ն պետք է անհապաղ դադարեցնի Սաուդյան Արաբիային սպառազինության տրամադրումը՝ տեղեկացնում է Welt-ը։

Բացի այդ, քաղաքական գործիչը հայտարարել է, որ ԵՄ-ում անհրաժեշտ է քննարկել թագավորության դիվանագետներին վտարելու հարցը, եթե Էր Ռիադը մոտակա ժամանակներս Ջամալ Հաշքաջիի մահվան հանգամանքները պարզելու համար էական քայլեր չձեռնարկի։

«Ինչպես նաեւ՝ ԳԴՀ-ն պետք է պնդի, որ Սաուդյան Արաբիայում առաջիկա ներդրումային համաժողովից հեռու մնան ոչ միայն մեր քաղաքական գործիչները, այլեւ գործարար շրջանակների բարձրաստիճան ներկայացուցիչները եւս հրաժարվեն դրան մասնակցելուց»,- ասել է Ռետգենը։

Նա նաեւ հավելել է, որ «նախագահ Թրամփի քաղաքականությունը Մերձավոր Արեւելքում, երբ Իրանին մեկուսացնելու համար հույսը դրված է Սաուդյան Արաբիայի վրա, կարող էր սաուդյան արքայազնին վստահություն ներշնչել, թե իր համար այլեւս ոչ մի սահման չկա»։