Բեյրութում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և լիբանանահայ համայնքի հանդիպման ժամանակ  այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ՀՅԴ ներկայացուցիչ, Համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Նազարե Սապունջյանն առաջարկեց մեխանիզմ ներդնել, որ յուրաքանչյուր հայ կարողանա թեկուզ մեկ դոլարով պարբերաբար աջակցել հայրենիքին ու դրանով իրեն հայ զգա:

Փաշինյանը նշեց, որ առանց դրա էլ յուրաքանչյուրը հայ է, Հայաստանի մասնիկ է, պետք է վստահությամբ վերաբերել Համահայկական հիմնադրամին:

«Ստուգումները շարունակվում են, բայց, ամենայն հավանականությամբ, գումարների հետ որևէ բան չի եղել: Ես կոչ եմ անում՝ եթե որևէ անվստահության էջ եղել է, փակել այդ էջը և մենք պետք է նոր շունչ տանք Համահայկական հիմնադրամին»,- նշեց նա:

Փաշինյանը հավելեց, որ հնարավոր է նոր մեխանիզմ ներդրվի, որպեսզի ցանկացողների բանկային քարտով ամսական իրենց նշած չափով ավտոմատ փոխանցում արվի:

«Թափանցիկությունն ամենակարևորն է, վստահությունը, եղբայրության զգացումը»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները պետք է  հիմնված առաջին հերթին վստահության վրա, իսկ փողը տեխնիկական հարց է: