Հոկտեմբերի 21-ին՝ Հայաստանի համայնքներում տեղի ունեցող ընտրությունների օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատում է վաղ առավոտից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Ստեղծված է աշխատանքային խումբ, որն իրականացնում է անկախ մշտադիտարկում:

Գործում է նաեւ թեժ գիծը, որով քաղաքացիներին տրամադրվում է իրավական խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում իրականացվում է արագ արձագանքում:

Առանձին ուսումնասիրության են ենթարկվում զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները։

Ընտրական իրավունքների իրականացմանն առնչվող բողոքները Պաշտպանին կարելի է ուղղել 116 եւ (096) 116100 հեռախոսահամարներով կամ այցելելով աշխատակազմ»,-- գրել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հոկտեմբերի 21-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի եւ Տավուշի մարզերի թվով 49 համայնքներում, որոնցից 24-ում ընտրությունները հերթական են, իսկ 25-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 42-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, եւ մեկ համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ:

Մասնավորապես քաղաքապետեր կընտրեն Հանրապետության 3 մարզկենտրոններում՝ Հրազդան, Արմավիր եւ Կապան, ինչպես նաեւ հոգեւոր կենտրոն Էջմիածնում։