ԱՄՆ-ում ջուրն են իջեցրել նորագույն միջուկային սուզանավեր SSN-791 «Դելավերը» եւ SSN-792 «Վերմոնթը», որոնք զինված են «Տոմահավկ» թեւավոր հրթիռներով, հայտնում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով ԱՄՆ ՌԾՈՒ մամուլի ծառայության հաղորդագրությունը:

Երկու սուզանավերն էլ պատկանում են «Վիրջինիա» դասին (շարքի առաջին նավը ջուրն է իջեցվել 1998 թվականին): Սուզանավերից յուրաքանչյուրը հագեցած է ժամանակակից ռադիոէլեկտրոնային սարքավորումներով, քիչ աղմկոտ է եւ զինված է «Տոմահավկ» 12 թեւավոր հրթիռներով, որոնք կարող են միջուկային մարտագլխիկ կրել: Այս հրթիռները նախատեսված են հակառակորդի նավերին եւ վերգետնյա կառույցներին հարված հասցնելու, ինչպես նաեւ այլ սուզանավերի դեմ մարտ վարելու համար:

«Դելավերը» եւ «Վերմոնթը» «Վիրջինիա» նախագծի 18-րդ եւ 19-րդ սուզանավերն են: Հիմա ավարտվում է այս դասի առնվազն 9 սուզանավերի կառուցումը, որոնք սկսվել են 2014 թվականին: «Վիջինիա» նախագծի սուզանավերի երկարությունը կազմում է 114,9 մետր, լայնությունը՝ 10,5 մետր: Հրթիռներից բացի, այն զինված է 26 տորպեդներով, ինչպես նաեւ հատուկ գործողությունների համար ստորջրյա սարքերով: Այս նախագծի սուզանավերի անձնակազմը կազմում է 100-120 մարդ՝ կախված լուծվող խնդրից: Դրանցից յուրաքանչյուրն արժե մոտ 2,7 մլրդ դոլար:

«Վիրջինիա» տիպի նավերի ռուսական նմանակն են չափերով եւ արագության բնութագրերով մոտ «Յասեն» 885 նախագծի սուզանավերը, որոնք զինված են տորպեդներով եւ «Օնիկս» ու «Կալիբր» թեւավոր հրթիռներով: