Հանրապետության մի շարք մարզերում այսօր՝ հոկտեմբերի 21-ին տեղի ունեցող ՏԻՄ ընտրություններին ժամը 14-ի դրությամբ քվեարկելու իրավունք ունեցող 217,708 քաղաքացուց քվեարկությանը, նախնական տվյալներով, մասնակցել է 51.661 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 23.73 տոկոսը: 

Հայաստանի խոշոր 4 քաղաքներում (Արմավիր, Հրազդան, Էջմիածին, Կապան) քաղաքապետի ընտրություններն ընթանում են ընտրողների ցածր մասնակցության պայմաններում։

Ամենաբարձր ակտիվությունը շարունակում են ցույց տալ Կապանի ընտրողները։ Այստեղ ժամը 14։00-ի դրությամբ 34969 ընտրողներից քվեարկել է 11778-ը, որը կազմում է ընտրողների 33,68 տոկոսը։

Հիշեցնենք, որ Կապանը մի քանի տարի առաջ խոշորացված համայնք էր դարձել, այսինքն՝ համայնքի մեջ են միավորվել նաեւ մոտակա գյուղերը։ Շատ փորձագետները ընտրողների ակտիվությունը բացատրում են գյուղական համայնքների բնակչության ակտիվությամբ։  

Մյուս 3 քաղաքներում պատկերն լրիվ այլ է։ Հրազդան քաղաքում 44154 ընտրողներից 14։00-ի դրությամբ քվեարկել է 8833-ը, ինչը կազմում է ընտրողների 20 տոկոսը։

Չնայած այն հանգամանքին, որ Էջմիածնի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել են 11 թեկնածուներ, այնուամենայնիվ, հոգեւոր կենտրոնի բնակիչները ամենապասիվն են։ Ժամը 14։00-ի դրությամբ 45278 ընտրողներից քվեարկել է 7644-ը, ինչը կազմում է ընտրողների 16,88 տոկոսը։

Էլ ավելի ցածր ակտիվություն է գրանցվել Արմավիր քաղաքում, որտեղ ժամը 14։00-ի դրությամբ 28699 ընտրողներից քվեարկել է 4764-ը, ինչը կազմում է ընտրողների 16,6 տոկոսը։

Նշենք, որ ընտրատեղամասերը կփակվեն ժամը 20..00-ին, որից հետո կսկսվի ընտրությունների արդյունքների հաշվարկը:

Այս 4 քաղաքներում համայնքի ղեկավարների արտահերթ ընտրություններ նշանակվեցին այն բանից հետո, երբ կամավոր-պարտադիր սկզբունքով նախկին քաղաքապետները հրաժարական տվեցին, որոնց առաջադրել էր ՀՀԿ-ն:

Այս ընտրությունները լուրջ փորձություն են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար, քանի որ Փաշինյանն ակտիվորեն մասնակցելով քարոզարշավին փորձում է անցկացնել իր թեկնածուներին: