Արմավիրում խախտումների մասին ահազանգեր դեռեւս չկան։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ կուսակցության անդամ, Արմավիրի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանը։

ՔՊ թեկնածուն նշեց, որ ինքը տեղյակ է միայն, որ  քաղաքացիներին ուղղորդում են․ «Ես էլ եմ լսել նման տեղեկությունների մասին, փորձում ենք ճշտել, հույս ունեմ, որ նմանատիպ դեպքեր չեն լինի։ Մեքենաներով շարժ ենք նկատել, խոսել ենք համապատասխան մարմինների հետ, ոստիկանությունը զբաղվում է»,- ասաց նա։

Խոսելով մրցակից թեկնածունների դժգոհություններից, որ անհավասար պայմաններում է անցել քարոզարշավը, քանի որ Նիկոլ Փաշինյանը սատարում է  իրեն, եւ դա առավելություն է տվել, Խուդաթյանը նշեց, որ աջակցություն բնականաբար լինելու էր, քանի որ ինքը ՔՊ անդամ է։

«Ես ներկայացնում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Իմ քայլը» հեղափոխական թիմը, հետևաբար թիմի կողմից աջակցություն բնականաբար լինելու էր, իսկ մնացածի մասով կդժվարանամ հստակ բան ասել, որովհետև այս ընթացքում անընդհատ շրջանառվել է, որ իշխանական աջակցություն է եղել, բայց միանշանակ իշխանական լծակներ չեն օգտագործվել»,- հավելեց նա:

Նշենք, որ Արմավիրում քաղաքապետի 4 թեկնածու է առաջադրվել, այդ թվում քաղաքապետի պաշտոնակատար, ՔՊ-ական Դավիթ Խուդաթյանը, նախկին քաղաքապետի մտերիմ, Արմավիրի ավագանու անդամ Օհան Հարությունյանը եւ 2011 թվականից քաղաքապետի պաշտոնի համար պայքարող անկուսակցական Սեւակ Մինասյանը: