Հրազդանի Վանատուր թաղամասում  գտնվող թիվ  26/14 ընտրատեղամասից գրանցամատյանը ոստիկանությունը տարել էր: Լրագրողների հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Լալա Վիրաբյանն ասաց, որ խնդիրը կապված է եղել ընտրողններին օգնելու հետ եւ որ գրանցամատյանն արդեն վերադարձրել են ընտրատեղամաս: Նշենք, որ այս տեղամասում է քվեարկություն կատարել ԱԺ «Ելք» խմբակցության պատագամավոր Սասուն Միքայելյանի որդին՝  Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սեւակ Միքայելյանը:

Հանձնաժողովի նախագահից լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է հանձնաժողովի անդամներից մեկը լքել ընտրատեղամասը Սեւակ Միքայելյանի քվեարկությունից հետո, եթե դրա իրավունքը չուներ:

Վիրաբյանը նշեց, որ ընտրատեղամասում հարմարություններ, զուգարան չկա, այդ պատճառով հանձնաժողովի անդամը լքել է տեղամասը:

Նշենք, որ Սեւակ Միքայելյանի քվեարկությունից հետո հանձնաժողովի անդամներից մեկը դուրս էր եկել ընտրատեղամասից եւ հետեւում էր, թե լրագրողները ինչ հարցեր են տալիս Սեւակ Միքայելյանին: «Ի՞նչ եք ուզում, երեխան բոլոր հարցերին պատասխանեց»,-դիմելով լրագրողներին, ասաց նա:

Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետ դառնալու համար պայքարում են անկուսակցական, «Մայ քորնր» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն, 24-ամյա Լեւոն Ստեփանյանը եւ «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակից, ՔՊ անդամ 25-ամյա Սեւակ Միքայելյանը: Վերջինս ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, Հրազդանի նախկին քաղաքապետ Սասուն Միքայելյանի որդին է: Նշենք, որ ընտրությոների սկզբնական փուլում Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվել էին հինգ թեկնածուներ, որոնցից մեկի գրանցումը մերժել էին, մեկը հետ էր վերցրել փաստաթղթերը, մյուսն էլ գրանցումից հետո ինքնաբացարկ էր հայտնել։