ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը այցելել է Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաք եւ շրջել տեղամասային ընտրական հանձնաժողովներով։

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում Մուկուչյանն հիշեցրեց, որ ընտրություններ են անցկացվում Հայաստանի 49 համայնքում, որոնց մի մասում՝ գրեթե կեսում, արտահերթ ընտրություններ, ապա հավաստիացրեց՝ ԿԸՀ-ն իր գործառույթներին համապատասխան աշխատում․ «Հաշվի առնելով, որ ԿԸՀ-ի գործառույթներն ավելի քիչ են, քան տարածքային ընտրական հանձնաժողովներինը, որոշում կայացրեցի շրջայցեր կատարել  այն համայնքներում, որտեղ տեղի են ունենում ՏԻՄ ընտրություններ, այդ նպատակով էլ գտնվում եմ Վաղարշապատ քաղաքում»։

Նա նշեց, որ տեղամասային ընտրական հանձնաժողովներ այցերի նպատակն է տեղում հանձնաժողովների աշխատանքների ծանոթանալը, վստահված անձանց, դիտորդների հետ հանդիպելը, նրանց կարծիքը լսելը, «քանզի առաջին հերթին շատ կարեւոր է պարզելը, թե ինչ կերպ է ընթանում քվեարկությունը, ինչ խնդիր է առաջանում։ Այս ամենը նաեւ լավ առիթ է՝ շտկելու այն թերությունները, թերացումները, որոնք կան, եւ հետագայում, միանշանակ, դրանք հաշվի կառնվեն»։

ԿԸՀ նախագահը հայտնեց՝ մեկ տասնյակից ավելի ընտրատեղամասերում է եղել եւ նկատել է, որ գրեթե բոլոր ընտրատեղամասերում բավականին շատ վստահված ու դիտորդներ անձինք են հետեւում ընտրական գործընթացին․ «Ըստ էության, վերջիններիս կողմից ներկայացվում է եզակի խնդիրներ՝ կապված կոնկրետ տեղամասի հետ։ Նշված խնդիրներից մեկի մասին խոսվել է նաեւ առավոտյան՝ եղել էր ահազանգ, ԿԸՀ-ն էլ ծանոթ էր դրան, տարածքային ընտրական հանձնաժողովն անմիջապես արձագանքեց դրան, որը քվեաթերթիկը նկարելու փորձ կատարելն է եղել։ Ես կարծում եմ՝ հենց այդ արձագանքով էր պայմանավորված, որ հետագայում այդ գործելաոճն այլ ընտրողների մոտ կրնություն չունեցավ»,-եզրափակեց նա։

Նշենք, որ այսօր ընտրություններ են ընթանում նաեւ Հայաստանի 4 խոշոր քաղաքներում՝ Հրազդանում, Կապանում, Արմավիրում եւ Էջմիածնում։

Այս 4 քաղաքներում քաղաքապետները հրաժարական տվեցին թավշյա հեղափոխությունից հետո: