ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ժամանել է Մոսկվա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրին։

«Նա Մոսկվայում է գտնվում, արդեն ժամանել է»,-ասել է աղբյուրը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականը Մոսկվա կժամանի կիրակի օրը, ՌԴ-ն ակնկալում է նրանից պարզորոշ բացատրություն ստանալ ԱՄՆ-ի հետագա քայլերի վերաբերյալ կապված Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագրի հետ։ Ռյաբկովը հայտնել էր նաեւ, որ Բոլթոնի հետ բանակցություններում ռուսական կողմը մտադիր է մատնանշել Սիրիայում ԱՄՆ գործողությունների սխալականությունը։

Այցի ընթացքում Բոլթոնը հանդիպումներ կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ: Երկուշաբթի, ըստ Ռյաբկովի, նախատեսվում է Բոլթոնի եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։