Կառավարությունը  այս 5 ամսվա  ընթացքում, ըստ էության, ոչինչ չի արել։ Այս մասին Shant հեռուստաընկերության հետ զրույցում ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Հիշում եք, երբ որ մայիսին ծրագիր ներկայացրեցին այսպես կոչված ծրագիրը, իրականում ծրագիր չկար եւ ես ասում էի՝ առանց ծրագիր Կառավարությունը չի կարող աշխատել։ Դուք պատկերացրեք ներդրումների անկում եղավ 11 անգամ, բա հեղափոխություն էր, երգեր էին երգում, Սերժ Թանկյանը երգեր էր երգում, դե արի Հայսատան ներդրում արա։ Սա նրա հետեւանքն է, որ այդ համակարգչային երիտասարդությունը դուրս եկավ, հեղափոխություն արեց, հիմա էլ ասում է՝ դե ինձ պահեք»,-ասաց Հրանտ Բագրատյանը։

Նրա խոսքով, առանց այդ էլ վատ վիճակում կատարվեց «կատարյալ հիմարություն»  եւ կուտակայինը 2 անգամ ավելացրեցին․ «Սա աշխարհում միակ երկիրն է, որտեղ բյուջեից ապագա թոշակ են տալիս, այսինքն՝ ծերերը թոշակավորում են երիտասարդներին, իբր թե էդ երիտասարդները իբր 45 տարի հետո պետք է փող ստանան, բայց 45 տարի հետո ոչինչ էլ չեն ստանա, 3 մատի կոմբինացիա կստանան։ Եթե այդ գումարները բյուջեից չվճարվեին հնարավոր կլիներ կենսաթոշակները բարձրացնել»։

Նախկին վարչապետի խոսքով՝ Կառավարության մյուս սուբյեկտիվ սխալը «ասֆալտին փռելն ու պատին խփելն է», որից հետո ոչ մի ներդրող չի գա երկիր։

Հրանտ Բագրատյանը նաեւ բացատրել է, թե ինչու է  հարկեր- ՀՆԱ-ի իջեցումը հանգեցնում ստվերի ավելացմանը։

«Եթե հարկեր-ՀՆԱ-ն իջնում է, նշանակում է, առնվազն ստվերն ավելանում է։ Ինչու, որովհետեւ 2019-ին, որում պետք է աշխատի տնտեսությունը հարկերը մի փոքր  ավելի բարձր են քան 2018-ին, 19-20 միլիարդ հարկ կստանանք, քանի որ կունենանք որոշ հարկատեսակների բարձրացում, չնայած ես կիսվել եմ Կառավարության հետ եւ այդ հարցով ունեցել եմ հանդիպումներ, ինձ թվում է համեմատաբար լավ կոնցեպտ կա հարկային ռեֆորմում, բայց դա խոսակցություններ են, ռեֆորմները երբեմն 100 տարի էլ մնում են խոսակցություն։ Հիմա դուք հավաքում եք ավելի քիչ հարկ միեւնույն գումար ՀՆԱ-ից, քան թե 2018-ին, որն, ի դեպ, այդ պակասեցումը պայմանավորված չէ տնտեսության մեջ կառուցվածքային փոփոխություններով, որը նշանակում է՝ դուք ավելի շատ ստվեր ունեք, դա նշանակում է 2019 թվականին դուք ավելի շատ պլանավորված կոռուպցիա ավելի շատ ունեք, քան թե այս տարի։ Հիմնականում 99 տոկոսով ստվերը հանգեցնում է կոռուպցիայի։ Ես գուշացրել եմ այս մասին Կառավարությանը, ինչումն է խնդիրը, որ Ատոմ Ջանջուղազյանը համոզել է Փաշինյանին, որ թեթեւ բյուջե ընդունեք, որ կարողանանք կատարել, հիմա մենք Ատոմ Ջանջուղազյանի գերին հո չենք»,-ասաց նա։