ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ Վաշինգթոնը բանակցություններ է վարել տեղեկությունների փոխանցման Բելգիայում մշակված միջբանկային SWIFT համակարգի հետ այդ համակարգից  Իրանին անջատելու շուրջ, փոխանցում է «ՌԲԿ»-ն՝ վկայակոչելով Reuters-ն։

Վաշինգթոնը ճնշում է գործադրում SWIFT-ի վրա, որ Իրանին անջատեն համակարգից, ինչպես դա արվեց 2012 թվականին՝ մինչեւ միջուկային գործարքի կնքումը։ Չնայած դրան, ԱՄՆ-ն  SWIFT տնօրենների խորհրդում չունի մեծամասնություն, ուստի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է պատժամիջոցներ սահմանել SWIFT-ի դեմ, մինչեւ որ այդ համակարգում համաձայնեն Իրանին անջատել։

«Ես կարող եմ հավաստիացնել, որ մեր նպատակն է հասնել նրան, որ պատժամիջոցների ներքո հայտնվող գործարքնեը չանցնեն ոչ SWIFT-ի, ոչ մեկ այլ մեխանիզմի միջով։ Մեր նպատակն է այնպես անել, որ պատժամիջոցները սկսեն գործել»,-հայտարարել է Մնուչինը։

Նա հրաժարվել է մանրամասներ ներկայացնել բելգիական ընկերության հետ բանակցություններից։

Մնուչինը հավելել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը որոշել է այն բանկերը, որոնք կարող են գործարքներ առաջարկել Իրանին երկրին հումանիտար օգնության նպատակով։