Լոռու մարզում, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել ժամը 19:15-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Չուխաջյան 36 շենքի բնակարաններից մեկում երիտասարդ տղայի դի կա:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված տան լոգարանում հայտնաբերել են Ալավերդի քաղաքի բնակիչ, 21-ամյա Սանասար Սիմոնյանի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ըստ նախնական տեղեկությունների, Ս. Սիմոնյանը սրտի անբավարարության հետևանքով հանկարծամահ է եղել:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Աղբյուրը հայտնում է նաև, որ Ս. Սիմոնյանը ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է եղել և ծառայությունն անցկացրել է Արցախի Պաշտպանության բանակի ամենաթեժ կետերից մեկում՝ առաջնագծում: