Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում հաղթում է ՔՊ-ական թեկնածու, քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը։

Թիվ 14 տարածքային ընտրական հանձնաժողովից NEWS.am-ին հայտնեցին 23 տեղամասերից 9-ի տվյալները, ըստ որոնց  Դիանա Գասպարյանը ստացել է 3192 ձայն, երկրորդ տեղում Սուրեն Մուրադյանն է 1141 ձայնով, իսկ երրորդ տեղում՝ Սամվել Մուրադյանը 318 ձայնով։

Նշենք, որ Էջմիածնում առաջադրվել է քաղաքապետի 12 թեկնածու, իշխող ուժի թեկնածուն քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանն է: Թեկնածուներ են նաեւ Էջմիածնի նախկին փոխքաղաքապետ Վազրիկ Գրիգորյանը եւ «Յունիբանկի» տեղի մասնաճյուղի ղեկավար, ԲՀԿ-ական Վահե Մովսիսյանը:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության Վարչական վերահսկողության եւ համայնքային ծառայության հարցերի վարչության խորհրդական Սիփան Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում արդեն գրել է. «Դիանա Գասպարյանը ընտրվեց Էջմիածին քաղաքի քաղաքապետ»։

Նշենք, որ քարոզարշավի ընթացքում Դիանա Գասպարյանի հետ կապված պատմություն էր գրանցվել. Նրա հայրը զանգահարել էր դստեր հասցեին սոցիալական ցանցում բացասական գրառումներ կատարած, մարտի 1-ի գործով դատապարտված Գեւորգ Մանուկյանին, որն այժմ բնակվում է Ստրասբուրգում, եւ սպառնացել ու վիրավորել: Գեւորգ Մանուկյանի գրառումները վերաբերել էին այդ ժամանակ դատավորի օգնական Դիանա Գասպարյանի կեցվածքին: Ավելի ուշ Դիանա Գասպարյանը հրապարակավ ներողություն էր խնդրել հոր պահվածքի համար՝ նշելով, որ նյարդերը տեղի են տվել:

Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում աննախադեպ ցածր մասնակցություն է գրանցվել. ընտրություններին մասնակցել է 45278 ընտրողներից 15826-ը, ինչը կազմում է ընտրողների 34,95 տոկոսը։ Հիշեցնենք, որ 2016 թվականին Էջմիածնի ընտրություններին մասնակցել էր ընտրողների ավելի քան 36 տոկոսը։