Հայաստանի Ազգային ժողովում այսօր՝ հոկտեմբերի 22-ին, մեկնարկել է արտահերթ նիստը, որի օրակարգում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծն է եւ հարակիծ օրինագծերի փաթեթը:

Նշենք, որ եթե ԱԺ-ն ընդունի այս օրինագիծը առաջին եւ երկրորդ ընթերցմամբ, ապա դեկտեմբերին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան Ընտրական օրենսգրքի նոր փոփոխություններով, իսկ եթե հնարավոր չլինի ընդունել նախագծերի փաթեթը, ապա ընտրությունները տեղի կունենան գործող օրենսգրքով:

ՀՀԿ-ն մինչ այս պահը չի կոնկրետացրել, թե ինչ դիրքորոշում ունի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ: Եթե ՀՀԿ-ն դեմ լինի օրենսգրքին, ապա ամենայն հավանականությամբ, այն չի անցնի:

Հիշեցնենք, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոն հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ դրական գնահատելով ԸՕ փոփոխությունները, միաժամանակ նշել էր. « Վենետիկի հանձնաժողովի վերապահումները՝ ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում ընտրական համակարգի էական փոփոխություններ կատարելու վերաբերյալ, ինչպիսիք են՝ տարածքային ցուցակների վերացումը,

Նշում է, որ այդ վերապահումները կարող են պակաս կարեւոր լինել, եթե փոփոխություների մասով քաղաքական ուժերի միջեւ առկա է կոնսենսուս»:

Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ենթադրում են ռեյտինգային ընտրակարգի վերացում, փակ (անփոփոխելի) ցուցակներով համամասնական ընտրություններ, ԱԺ անցնելու համար նվազագույն շեմի իջեցում կուսակցությունների համար 5-ից 4, դաշինքների համար՝ 7-ից 6 տոկոս: նաեւ նախատեսվում է, որ ԱԺ պետք է անցնի առնվազն 4 քաղաքական ուժ, սակայն 4-րդ ուժի ստացած քվեները չպետք է ցածր լինեն 2 տոկոսից: