Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան այցից հետո սպանված լրագրող Ջամալ Խաշոգջիին խեղդել են խուճապի մեջ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով սաուդյան բարձրաստիճան կառավարական աղբյուրին։

Բարձրաստիճան կառավարական պաշտոնյան պնդում է, որ Էր Ռիադը Ստամբուլ է ուղարկել 15 մարդուց բաղկացած թիմ, որը պետք է խաղաղ միջոցներով համոզեր 59-ամյա լրագրողին վերադառնալ հայրենիք։ Հանդիպման ժամանակ նրանք սկսել են նրան սպառնալ, խոստացել են առեւանգել։

Լրագրողը դիմադրություն է ցույց տվել, դուրս է պրծել եւ օգնություն կանչել, որի պատճառով խումբը խուճապի է մատնվել։ Փորձել են լրագրողի բերանը փակել, սակայն ստացվել է, որ խեղդել են, պնդում է աղբյուրը։

Ապա սպանված Խաշոգջիին փաթաթել են գորգի մեջ, հյուպատոսական մեքենայով դուրս են հանել եւ հանձնել Ստամբուլուոմ բնակվող իրենց կողմնակցին։

Սպանությունից հետո գործողության մասնակիցները հագել են լրագրողի հագուստը եւ դուրս եկել, որ տեսահսկման տեսախցիկները նկարահանեին իբրեւ թե լրագրողը լքել է դիվանագիտական ներկայացուցչության շենքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։