Նավթի գինը կարող է գերազանցել բարելի դիմաց 100 դոլարի նիշը համաշխարհային շուկայում առաջարկի անորոշության պատճառով։ Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Հալեդ ալ Ֆալեհը։

«Չեմ կարող ձեզ երաշխիքներ տրամադրել, քանի որ չեմ կարող կանխատեսել, թե ինչ կլինի մյուս արտադրողների հետ»,–ասել է նախարարը՝ պատասխանելով նավթի գնի հնարավոր աճի մասին հարցին։  

Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիայի կողմից նավթի արդյունահանումը հոկտեմբերին օրական կազմում է 10.7 մլն բարել եւ անհրաժշետության դեպքում երկիրն այն կարող է հասցնել մինչեւ 12 միլիոնի։  

«Սակայն եթե անհետանա 3 մլն բարել, մենք չենք կարող փոխհատուցել այս ծավալը, քանի որ պետք է օգտագործենք նավթի պահեստային պաշարները»,– ալ Ֆալեհի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ–ը։  

Նա նաեւ հիշեցրել է, որ ՕՊԵԿ+ երկրները ավելացնում են արդյունահանումը նոր բարձր նիշերից խուսափելու համար։

«Շուկան դեֆիցիտից է վախենում, եւ եթե մենք շարունակենք այդ նույն քաղաքականությունը (կրճատելու), ապա կրկին նավթը կտեսնենք բարելի դիմաց 100 դոլարի սահմանում».–եզրափակել է նախարարը։