Իրավիճակը Հայաստանում ֆորս մաժորային է, հակասահմանադրական իրավիճակ է, ԱԺ-ում բացակայում է կայուն խորհրդարանական մեծամասնությունը, ինչը սահմանադրության պահանջն է, իսկ սահմանադրական ճգնաժամը պետք է լուծվի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկման ժամանակ հայտարարեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Նա հենց այդ պատճառաբանությամբ բացատրեց, որ պետք է դեկտեմբերին արտահերթ ԱԺ ընտրություններ անցկացնել, հետեւաբար հիմա պետք է քննարկել Ընտրական օրենսգրքի փոփոխությունները 24-ժամյա ռեժիմում, իսկ երկրորդ ընթերցումն անցկացնել վաղը երեկոյան:

ՀՀԿ խմբակցությունից Խոսրով Հարությունյանը նախ հարց ուղղեց, թե արդյոք հնարավո՞ր է 24-ժամյա ռեժիմում քննարկել օրենսգրքի փոփոխությունները, հատկապես, որ կառավարությունը հավաստիացնում է, որ պատրաստ է քննարկել ցանկացած ողջամիտ առաջարկություն:

Խոսրով Հարությունյանն առաջարկեց գոնե երկրորդ ընթերցում իրականացնել ոչ թե վաղը, այլ 2-3 օր ժամանակ տալ, որ խորհրդարանում հնարավոր լինի լուրջ քննարկում ծավալել, նոր առաջարկություններ անել:

Խոսրով Հարությունյանի խոսքով, եթե երկրորդ ընթերցմամբ փաթեթը քննարկվի ուրբաթ օրը, դա թույլ կտա հանգիստ քննարկել օրենսգիրքը, միաժամանակ չի խանգարի, որ ընտրությունները տեղի ունենան դեկտեմբերին:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը արձագանքեց, որ չի առարկում այդ առաջարկին եւ կարելի է օրենսդրական փաթեթը քննարկել ոչ թե 24-ամյա ռեժիմում, այլ 72-ամյա ռեժիմում:

«Ծառուկյան» խմբակցությունը 20 րոպեով ընդմիջում վերցրեց:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների եւ հարակից նախագծերի փաթեթը: Եթե այն չընդունվի, ապա դեկտեմբերին ԱԺ ընտրությունները տեղի կունենան գործող Ընտրական օրենսգրքով:

Նշենք, որ ՀՀԿ ԳՄ-ն այսօր վաղ առավոտյան նիստ է արել, որտեղ քննարկվել եւ հաստատել է ՀՀԿ դիրքորոշումը Կառավարության կողմից ԱԺ ներկայացված Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ, որը պաշտոնապես կհրապարակվի ԱԺ արտահերթ նիստին։