ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կապանում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Նարեկ Բաբայանի պարտությունը չի կապում Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակելու առնչությամբ առաջ եկած դժգոհությունների հետ։

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում նա նշեց՝ ցավում է, որ Նարեկ Բաբայանը եւ իրենց ուժը ընտրություններում պարտություն են կրել, բայց ուրախ է, որ եւս մեկ քայլ կատարվեց՝ արձանագրելու հավատարմությունը թավշյա հեղափոխության արժեքներին. «Ի դեպ նշեմ, որ մեր պաշտպանած թեկնածուներից երկուսն այս ընտրություններում պարտվել են, մյուսները հաղթել են, բայց այդ երկու թեկնածուները, ովքեր պարտվել են, հանդես են եկել հեղափոխության պաշտպանության դիրքերից  եւ անկուսակցական թեկնածուներ են, նույնիսկ նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել են, որ պատրաստվում են կամ պատրաստ են անդամագրվել ՔՊ–ին, բայց էականը դա չէ։ Էականն այն է, որ մեր պարտավորությունը կատարել ենք, եւ ինչպես նախկինում ասել եմ, հիմա էլ ասում եմ՝ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների արդյունքները չեն կեղծվելու»։

Փաշինյանը հավելեց, որ Հունան Պողոսյանի գործոնը Կապանի քաղաքապետի իրենց թեկնածուի պարտության հարցում բացառում է. «Կոնկրետ այս պարագայում բացառում եմ, որովհետեւ մենք, բնականաբար, հարցումներով գիտեինք իրավիճակը, ընդհակառակը՝ վերջին քարոզարշավի երկրորդ մասում մեր թեկնածուի վարկանիշը շատ լուրջ աճ արձանագրեց, բայց, ցավոք, մինչեւ վերջ չհասցրեցինք»։

Վարչապետի պաշտոնակատարը շեշտեց՝ աներկբա է, որ ընտրությունների պաշտոնական արդյունքները արտահայտում են մարդկանց ընտրությունը։ «Եթե կան եւ կարող են լինել, որ ընտրությունը միշտ չէ, որ նշանակում է ազատ կամարտահայտություն, դա մի խնդիր է, որի վրա մենք պետք է աշխատենք։ Տեսականորեն եւ գործնականում չենք բացառում այդպիսի դետալներ։ Բայց նույնիսկ այս պարագայում, բնականաբար, քվեարկության արդյունքները պետք է 100 տոկոս, ճշգրտորեն արձանագրվեն եւ որեւէ այլ տարբերակ չի կարող լինել»։

Դիտարկմանը, որ նախորդ իշխանությունները  միշտ Սյունիքից են ձայները բերել, դրանում օրինաչափություն կա՞, Փաշինյանն ասաց. «Եթե հիմա այդ զուգահեռի մեջ նայենք, ապա  առավել եւս ակնհայտ է հեղափոխության հաղթանակը»։

Ավելի վաղ ԿԸՀ-ն հրապարակել էր Կապանի քաղաքապետի ընտրության նախնական արդյունքները, ըստ որոնց հաղթել է անկուսակցական Գեւորգ Փարսյանը։