Հայաստանի ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 22-ի արտահերթ նիստում չընդունեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի երկրորդ ընթերցման ժամանակի երկարացումը, ըստ որի՝ երկրորդ ընթերցումը պետք է  անցկացվեր առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 72 ժամում:

Նախագիծը, սակայն, քվեարկությամբ չընդունվեց. կողմ քվեարկեց  44 պատգամավոր (անհրաժեշտ 53-ի փոխարեն), դեմ՝ 1, ձեռնպահ՝ 6 պատգամավոր:

Մինչ այդ կառավարությունն առաջարկել էր, որ երկրորդ ընթերցումը տեղի ունենա առաջին ընթերցումից հետո 24-ժամվա ընթացքում, սակայն այդ որոշման նախագիծը չդրվեց քվեարկության: Արա Բաբլոյանը նախ չգիտեր ինչպես վարվել, հարցրեց ԱԺ քարտուղարության աշխատակցին, թե ինչպես պետք է առաջնորդվեն, ապա հայտարարեց, որ հիմա կաշխատեն որոշված արագ ռեժիմով, իսկ երկրորդ ընթերցման ժամկետների հարցը կորոշվի ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված կարգով: