Հայկական ձեռնարկություններն առաջինը կզգան ԵՏՄ–ի ու Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու տնտեսական էֆեկտը։ Այսպիսի տեսակետ է հայտնել ՀՀ փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Երեւանում անցկացվող «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովի ժամանակ։

Նրա կարծիքով՝ Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու ժամանակավոր համաձայնագիրը չի կարող դրական տնտեսական ազդեցություն չունենալ բոլոր կողմերի համար, քանի որ այդ համաձայնագիրը նոր հեռանկարներ է բացում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բիզնեսի համար:

«Հսկայական շուկա է բացվում 80 միլիոն բնակչությամբ եւ սպառման բարձր մակարդակով: Եթե բիզնեսը ճիշտ մոդելավորենք, ապա հաշվի առնելով ԵՄ երկրների, Կանադայի, ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի հետ Հայաստանի արտոնյալ ռեժիմը, ապա կարող ենք խոշոր էֆեկտ ստանալ»,–նշել է փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը։

Գրիգորյանը կարծում է, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների գործարար համայնքը պետք է ուսումնասիրի այդ հարցը եւ օգտագործի այն առեւտրային արբիտրաժի շրջանակներում, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացման համար:

Նա նաեւ հիշեցրել է, որ հայ-իրանական սահմանի վրա գործում է ազատ տնտեսական գոտի, որը նաեւ ենթադրում է որոշակի տնտեսական դիվիդենտների ստացում։

Մհեր Գրիգորյանը կարծում է, որ վավերացման գործընթացի ավարտից հետո որոշակի առեւտրային գործընթացներ կսկսվեն, եւ  հենց հայկական ձեռնարկությունները կսկսեն օգտվել առաջին ռեժիմային արտոնություններից, սակայն Եվրասիական տնտեսական միության գործարար համայնքը եւս աստիճանաբար կսկսի ներգրավվել այդ գործընթացում:

Նրա խոսքով՝  ե՛ւ արտահանման, ե՛ւ ներկրման ներուժը բավականաչափ մեծ է, եւ պարտադիր պետք է հաշվի առնել ԵՏՄ-ն Իրանի եւ Եվրամիության հետ համատեղելու հնարավորությունները։

Գրիգորյանը հիշեցրել է, որ ԵՏՄ-ն եւ Իրանը երեք տարի ժամկետով ազատ առեւտրի գոտու վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիր են կնքել եւ այդ համաձայնագրի համաձայն, ԵՏՄ-ն եւ Իրանը կնվազեցնեն մաքսատուրքերը, ինչպես նաեւ մի քանի հարյուր ապրանքի համար կվերացնեն խոչընդոտները: Ընդհանուր առմամբ, երկու կողմերի ցուցակում ընդգրկված է շուրջ 850 միավոր ապրանք:

«Միության երկրներից Հայաստանը ամենից ակտիվ առեւտուր է անում Իրանի հետ: 2017 թ. Հայաստանի եւ Իրանի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ 263 մլն դոլար, այդ թվում՝ Հայաստանի արտահանումը 80 միլիոնից փոքր–ինչ պակաս: Սակայն, համեմատության համար, Հայաստանի արտաքին առեւտրում Իրանի մասնաբաժինը 4 տոկոսից մի փոքր ավելի է, այն դեպքում, երբ Ղազախստանի պարագայում այն 0.7 տոկոս է,  իսկ Ռուսաստանի դեպքում՝ մոտ 0.5 տոկոս», - եզրափակեց ՀՀ փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը: