Եթե անցկացվի ներկրվող ավտոմեքենաների որակյալ տեխնիկական զննություն, ապա միանշանակ կպարզվի, որ շատ աջ ղեկով մեքենաներ ավելի լավ վիճակում են գտնվում, քան ձախ ղեկով մեքենաները։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել Autocom Japan ճապոնական ընկերության հայկական մասնաճյուղի ներկայացուցիչ Արտյոմ Դավթյանը։

Փորձագետ Արթուր Միսակյանն էլ իր հերթին նկատեց, որ այդ ավտոմեքենաները ավելի մրցունակ են գնի ու տեխնիական բնութագրերի տեսանկյունից, քանի ներկրվող ձախ ղեկով մեքենաները։

Նա հավելել է, որ անհրաժեշտ է խնդրին շուտափույթ լուծում տալ, քանի որ վերջին 6-7 ամիսներին աջ ղեկային համակարգով ավտոմեքենաների ներկրման արգելքից ի վեր հայ ներկրողները եւ այդպիսի մեքենաների սեփականատերերը արդեն շուրջ 10 մլն դոլար են ծախսել ղեկը աջից ձախ կողմ տեղափոխելու համար, որպեսզի կարողանան գնված մեքենաները ներկրել։

Հիշեցնենք, որ ԱԺ–ն մարտի 1-ին ընդունել էր «Հայաստան աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը ժամանակավորապես արգելելու մասին» օրենքի նախագիծը՝ համաձայն որի 2018-ի ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ն է արգելվում Հայաստան ներկրել աջ ղեկով ավտոմեքենաներ, իսկ արդեն ներմուծված ավտոմեքենաների շահագործումը չէր արգելվում երկրի ներսում: