«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկում է այն քաղաքական ուժերը, որոնք ընտրություններում ստացել են որոշակի ձայներ, սակայն չեն հաղթահարել նվազագույն շեմը, իրավունք ունենա իրենց ստացած ձայները տալ այս կամ այն ուժին, որից ցանկանում են:

«Այսինքն ոչ թե այդ ձայները փոշիանան, այլ տրվեն որոշակի ուժի, որպեսզի քաղաքացին իմանա, որ իր ձայնը այլեւս չի փոշիանալու»,-ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ ասաց նա:

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն անընդունելի համարեց նման մոտեցումը՝ ընդգծելով, որ դա իր մեջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:

Սերգեյ Բագրատյանն էլ նշեց. «Մենք անմեղության կանխավարկածով ենք առաջնորդվում եւ պետք չի հազարավոր քաղաքացիների կոռուպցիայի մեջ կասկածել: Վստահ եղեք, որ այսպես ժողովրդավարության ավելի բարձր մակարդակ կապահովենք եւ որեւէ քաղաքացի այլեւս մտավախություն չի ունենա, որ իր ձայները կկորեն: Այս իմաստով 10-20 հազր ձայն ունեցող ուժը հնարավոր չի, որ կոռուպցիոն ռիսկերով առաջնորդվի»:

Արտակ Զեյնալյանը պարզաբանեց, որ խոսքը ոչ թե տասնյակ հազարավոր քաղաքացիների կողմից կոռուպցիոն ռիսկերի մասին է, այլ այն քաղաքական ուժի, որը իր որոշմամբ այդ ձայները փոխանցելու է այլ ուժի, որը հաղթահարել է նվազագույն շեմը: Այսինքն, ըստ Զեյնալյանի, նվազագույն շեմը չհաղթահարած քաղաքական ուժերը կարող են իրենց ստացած ձայները պարզապես վաճառել ավելի խոշոր ուժերին: