Եվրասիական միության օրինակը ցույց է տալիս, որ միասին մրցակցելը ե՛ւ ավելի շահավետ է, ե՛ւ ավելի հուսալի: Այս մասին հոկտեմբերի 22-ին Երեւանում «Եվրասիական շաբաթ» միջազգային գործնական համաժողովի բացման ժամանակ ասաց Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն:

Այսպես՝ նրա խոսքով, համաշխարհային շուկայում միայնակ մրցակցելը ավելի է դժվարանում:

«Այս պատճառով այստեղ ավելի կարեւոր է դառնում համատեղ արտադրությունների, արդյունաբերական կորպորացիաների ստեղծումը, ենթակառուցվածքներին եւ ֆինանսներին հասանելիությունը: Եվրասիական միությունը նման հնարավորություններ տրամադրում է կազմակերպության անդամ երկրների փոխադարձ շահի համար»,- պարզաբանեց Իգոր Պետրիշենկոն:

Բելառուսի փոխվարչապետը համոզված է, որ անհրաժեշտ է հետագայում եւս զարգացնել կոոպերացիոն շղթաները եւ մեծացնել ապրանքների, ծառայությունների, ինչպես նաեւ կապիտալի ու աշխատուժի տեղաշարժման ազատությունը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-24-ը Երեւանում ընթանում է «Եվրասիական շաբաթ» ամենամյա գործնական համաժողովը: Այն անցկացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախաձեռնությամբ եւ Հայաստանի Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության եւ «Բիզնես Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ: Այս տարի համաժողովին մասնակցում են ԵՏՄ անդամ երկրների մոտ 2500 ընկերություններ եւ երրորդ երկրների մոտ 250 կազմակերպություններ: Համաժողվի ընթացքում կազմակերպված է նաեւ ԵՏՄ արտահանման եւ կոոպերացիայի ներուժի ցուցադրություն: Ցուցահանդեսին կմասնակցեն ավելի քան 120 ընկերություն հետեւյալ ոլորտներից՝ գյուղատնտեսություն, թեթեւ արդյունաբերություն, ճշգրիտ ճարտարագիտություն եւ ՏՏ տեխնոլոգիաներ, նորարարական շինանյութեր, ոսկերչական  արդյունաբերություն, դեղագործություն: