Եվրասիական տնտեսական միության երկրները պետք է մշակեն համաշխարհային տնտեսությունում հնարավոր բացասական երեւույթների կանխման միասնական մեխանիզմներ: Այս մասին «Եվրասիական շաբաթ» միջազգային գործնական համաժողովի բացման ժամանակ հայտարարեց Ղազախստանի առաջին փոխվարչապետ Ասքար Մամինը:

Նրա խոսքով՝ գործնականում բոլոր միջազգային ֆինանսական կենտրոնները ուշադրություն են դարձնում համաշխարհային տնտեսության աճի տեմպերի մոտակա եւ զգալի դանդաղմանը:

Այս իրավիճակում ԵՏՄ երկրները պետք է ձեռնարկեն Միության երկրների վրա համաշխարհային տնտեսության բացասական երեւույթների ազդեցությունը մեղմելու միջոցներ:

«Ներկայումս ԵՏՄ երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը 15 տոկոսով աճել է, իսկ երրորդ երկրների հետ՝ 23 տոկոսով: Սակայն համաշխարհային տնտեսության ապագայի կանխատեսումներն անմխիթարական են, եւ անհրաժեշտ է բացասական հետեւանքների նվազեցման նպատակով ընդհանուր միջոցներ մշակել ու ընդունել»,- պարզաբանեց Ասքար Մամինը:

Ղազախստանի առաջին փոխվարչապետը նշեց, որ իր երկիրը Համաշխարհային բանկի Doing business վարկանիշում զբաղեցնում է 36-րդ հորիզոնականը, եւ դրված է քսանյակ մտնելու խնդիր: Մամինի խոսքով՝ դրան հնարավոր է հասնել նաեւ ԵՏՄ ամբողջ տարածքում ձեռնարկատիրական միջավայրի բարելավման ճանապարհով:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Երեւանում մեկնարկել է «Եվրասիական շաբաթ» միջազգային գործնական համաժողովը: Դրան իրենց մասնակցությունն են հաստատել ավելի քան 2 հազար մասնակիցներ եւ ավելի քան 150 խոսնակներ, որոնց շարքում են ԵՏՄ անդամ երկրների կառավարությունների փոխվարչապետներ եւ նախարարներ, պետական կորպորացիաների ղեկավարներ եւ բիզնեսի ներկայացուցիչներ: Մասնակիցները Ռուսաստանից են, Հայաստանից, Աֆղանստանից, Բելառուսից, Հունգարիայից, Գերմանիայից, Վրաստանից, Իրանից Իտալիայից, Ղազախստանից, Կամբոջայից, Ղրղզստանից, Չինաստանից, Լիտվայից, Մոլդովայից, Նիգերիայից, Նիդեռլանդներից, ԱՄԷ-ից, Միացյալ Թագավորությունից, ԱՄՆ-ից, Տաջիկստանից, Թայվանից, Ուզբեկստանից, Շվեյցարիայից, Կատարից, Ֆրանսիայից, Արգենտինայից, Իսպանիայից, Ուկրաինայից: Ծրագրի մեջ ներառված են ավելի քան 30 բանավիճային միջոցառումներ: