Եթե որոշ ուժեր ուզում են, որ դեկտեմբերին ԱԺ ընտրություններն անցկացվեն հին օրենսգրքով, ապա ինչ են շահելու: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ նշեց

«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:

Նրա խոսքով, հանրային ընկալման մեջ ռեյտինգային ընտրակարգը համարվում է վատը. «Իմ ընկեր Մարուքյանի խոսքով ասաց, համարվում է «գագասիկի» ընտրություն: Ժողովուրդն այդպես է ընկալել, որ դա թաղային հեղինակության ընտրություն է: Իհարկե, կան մարդիկ, որոնք տեղերում հեղինակություն ունեն եւ ռեյտինգային համակարգով իրենց հեղինակությամբ են քվե վերցրել»,-ասաց Արամ Սարգսյանը՝ նկատելով, որ ՀՀԿ-ի վերեւի շարքում նստած երեք պատգամավորներ կան, որոնք միասին ավելի շատ քվե էին ստացել 2017-ի ընտրություններում, քան «Ելք» դաշինքն ամբողջությամբ, ինչն անբնական է:

Նա ընդգծեց, որ բոլորի համար պետք է ընդունելի լինի զուտ համամասնական ընտրությունը. «Ես համոզված եմ, որ ՀՀԿ-ի վերեւի շարքում նստած մեր գործարար գործընկերները իրենց գործի հետեւից գանոլւ առումով իրենց ժամանակն ավելի ճիշտ ու լավ կօգտագործեն, քան ժամերով էստեղ նստելով ու իրենց ժամանակը վատնելով, քանի որ իրենց ժամանակն իսկապես փող է»:

Արամ Սարգսյանն անդրադարձավ նաեւ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշմանը, համոզմունք հայտնելով, որ նույն Վենետիկի հանձնաժողովը լեգիտիմ է համարելու Հայաստանում անցկացված ընտրությունները:

Հիշեցնենք, որ Վենետիկի հանձնաժողովը դրական էր համարել Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, սակայն նշել էր, որ մնում է իր դիրքորոշմանը, որ եթե ընտրակարգ է փոխվում, ապա քաղաքական ուժերին պետք է ժամանակ տալ այդ փոփոխություններին ադապտացվելու համար: