Հոկտեմբերի 23-ի երեկոյան լրանում է վարչապետի հրաժարականի մեկ շաբաթը, և հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովն օրենքի ուժով պետք է արտահերթ նիստ գումարի, նիստը պետք է հրավիրվի անկախ նրանից՝ վարչապետի թեկնածու առաջադրվում է, թե ոչ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց  ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

Արփինե Հովհաննիսյանն անդրադարձավ «քվեարկության» եզրույթի շուրջ առաջացած քննարկումներին։

«Իրավաբանների մեջ կա որոշակի անհամաձայնություն՝ ինչպես մեկնաբանել Սահմանադրության այն հոդվածը, որը վերաբերում է առաջին փուլից հետո վարչապետի «քվեարկության» եզրույթի մեկնաբանությանը: Ի վերջո, սրա մասին տեղեկացված է կառավարությունը, ի վերջո, ասել են, որ կհանգեն եզրակացության:

Եթե եզրակացության կհանգեն և այդ եզրակացության համապատասխան տարբերակ առաջին՝ կորոշեն Նիկոլ Փաշինյանի  թեկնածություն առաջադրել ու հետո ակնկալել, որ կլինի քվեարկություն և նա չի ընտրվի, սա մի տարբերակ է: Երկրորդ տարբերակը, երբ պարզապես որևէ մեկը թեկնածու չի առաջադրի, և Սահմանադրության համապատասխան նորմը կմեկնաբանեն այդկերպ»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Հարցին, թե ինչպես կգործի  ՀՀԿ-ն, այնպես, ինչպես կառավարությունն է ակնկալում, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ ոչ թե իրենք կանեն կառավարության ակնկալիքով, այլ ՀՀԿ անդամները կհետևեն կուսակցության դիրքորոշմանը:

«Անակնկալներ այս տեսանկյունից, այսինքն՝ թեկնածու առաջադրելու տեսքով, բնականաբար, չեն սպասվում և մեկնաբանությունը Սահմանադրականության տիրութում թող որոշի կառավարությունը: Ես չեմ արտահայտի դիրքորոշում, որպեսզի հետո այն չմեկնաբանվի որպես ՀՀԿ-ի դիրքորոշում: Ես ունեմ տեսակետ և առաջիկայում կասեմ իմ տեսակետը, այս պահին կոռեկտ չէ, չեմ մեկնաբանի, թող կառավարությունը որոշի, թե  որ տարբերակն է պակաս խոցելի։ Անակնկալներ թեկնածու առաջադրելու տեսքով չեն սպասվում եւ մեկնաբանությունը Սահմանադրականությանն տիրույթում,թող Կառավարությունը որոշի»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ ԸՕ–ում կան մեծ փոփոխություններ, որոնց ընդունման դեպքում քաղաքական ուժերին ժամանակ է պետք ընտրություններին պատրաստվելու համար։

«Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը մի հարցում նույն է, որ ԸՕ–ում բոլոր խոշոր փոփոխությունները կատարվեն այնպիսի ժամանակահատվածում, որ բոլոր քաղաքական ուժերը հասցնեն պատրաստվել եւ դրա համար է այդ մեկ տարի ժամկետը նշվում։ Ես չէի էլ ակնկալում,որ որեւէ երկրի կամ անձի համար Վենետիկի հանձնաժողովը կփոխի 47 անդամ–պետությունների համար տարիներ շարունակ մշակված մոտեցումը։ Եկեք արձանագրենք, որ Վենետիկի հանձնաժողովը ոչ մի պաշտոնական տեսակետ չի ներկայացնում, եւ մենք ոչ մի ողջամիտ ժամկետ չունենք ընտրություններին պատրաստվելու համար»,– ընդգծեց նա։

Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո  անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Այսինքն՝ ըստ որոշ իրավաբանների, երկրորդ փուլի հաշվարկը պետք է սկսվի քվեարկությունից հետո: