Checkmarx կազմակերպության աշխատակից Պեդրո Ումբելինոն պատմել է, թե ինչպես կարելի է NFC-չիպի միջոցով տեղեկատվություն գողանալ ցանկացած սարքից։ Սարքը հեռավորությունից «կոտրելու» տեխնիկան նա ցույց է տվել Hack.lu 2018 համաժողովում՝ տեղեկացնում է Lenta-ն։

Ումբելինոն նշված չիպի միջոցով փոխանցել է գաղտնաբառերը։ Նրա կարծիքով՝ գաղտնաբառեր գողանալու NFCdrip կոչվող ձեւը կարելի է օգտագործել ոչ միայն Android սմարթֆոնների, այլեւ այլ նոթբուքերի համար։ Սարքի վրա դրվում է վիրուսային ծրագիր, որն էլ օգնում է փոխանցել գաղտնաբառերը։

Սովորական ռեժիմում NFC-ն տեղեկատվությունը կարող է փոխանցել ոչ մեծ տարածության դեպքում, սակայն Ումբելինոյին դա հաջողվել է անել 3 մ հեռավորությունից։ Մեծ տարածությունների դեպքում փոխանցվող տվյալների մեջ անճշտություններ են լինում, սակայն հաքերին, միեւնույն է, հաջողվել է ազդանշանը փոխանցել 10 եւ նույնիսկ 60 մ հեռավորությունից։