Այսպիսի գործընթացով Ընտրական օրենսգրքի փոփոխություններ անել չի կարելի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

«Մենք նստած վիճում ենք՝ ելույթի համար 5 րոպե տանք, թե 6, հարց տվողները կհասցնեն հարցեր տալ, թե ոչ: Սա սահմանադրական օրենք է, եւ արդյոք այն միջավայրը, որ առավոտյան փորձում ենք կրկնաքվեարկություններով միջավայր ապահովել, ընտրական օրենսգիրք փոխելու միջավայր է: Արդյոք այդ հապճեպությունը նպաստելու է ընտրական օրենսգրքի բարեփոխմանը: Կառավարությունը օրենսգրքին հավանություն տվեց հոկտեմբերի 16-ին, հաջորդ օրն ուղարկեց ԱԺ եւ Վենետիկ: Այսօր արտահերթ նիստ ենք անում եւ ուզում ենք երկու ընթերցումով անցկացնել: Սա «Տոների ու հիշատակի մասին» օրենքը չէ, այս օրենսգրքով պետք է ընտրություններ կազմակերպվեն»,-ասաց Աշոտյանը:

«Եթե կարծում եք, որ կոնսենսուս կա առանց ՀՀԿ-ի, ինչի՞ եք մեզ համոզում: Իմ խորին ընկալման, ժողովրդավարության ընկալման մեջ կոնսենսուսն այնտեղ է, որտեղ հակադիր ուժերը համաձայնում են, իսկ այսօրվա իշխանության հակադիր բեւեռը ՀՀԿ-ն է: Ի՞նչ կոնսենսուս առանց արմատական ընդդիմության: Եթե կարող է լինել 3 հանած ՀՀԿ արեք, էլ ինչի՞ եք մեզ համոզում»,-ասաց նա: