Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն այսօր հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուդոլֆ Միխալկայի հետ։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Մնացականյանը Ռուդոլֆ Միխալկային շնորհավորել է այս պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել։ Ռուդոլֆ Միխալկան ներկայացրել է իր գործունեության օրակարգն ու նախատեսվող քայլերը: Կողմերն անդրադարձել են տարածաշրջանի զարգացումներին, մտքեր փոխանակել հատուկ ներկայացուցչի գրասենյակի հետ համագործակցության հեռանկարների շուրջ:

Զրուցակցի խնդրանքով նախարարի պաշտոնակատար Մնացականյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները՝ ընդգծելով, որ ժողովրդի լայն մանդատի հիման վրա գործող կառավարությունը շարունակում է բարեփոխումների գործընթացը՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, օրենքի գերակայության եւ արդարադատության ամրապնդմանը, սոցիալական եւ տնտեսական ոլորտում հավասար պայմանների ապահովմանը: Այս տեսակետից կարեւորվել է ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը:

Ներկայացնելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի դիրքորոշումը եւ մոտեցումները՝ Մնացականյանը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Այս առումով Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է անվտանգության եւ խաղաղության մթնոլորտի ձեւավորումը՝ միաժամանակ նշելով, որ միջազգային գործընկերները պետք է ձեռնպահ մնան բոլոր այն գործողություններից, որոնք կարող են հանգեցնել տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին և մեծացնել անկայունության վտանգները։