Հանրապետականը ունի քաղաքական շահ, երբ դեմ է արտահայտվում Ընտրական օրենսգրքի փոփոխություններին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ նշեց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը:

Նրա խոսքով, ՀՀԿ-ն ուզում է ներկայացնել, որ ընտրական օրենսգրքի փոփոխության գործընթացը ժողովրդավարական չէ, հապշտապ է:

«Բայց իրականությունն այդպես չէ, ամռանից սկսված բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում ՀՀԿ ներկայացուցիչները ակտիվորեն մասնակցել են Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներին, առաջարկներ են ներկայացրել: ԴՐանք ներկայացվել են կառավարությանը: Բայց խնդիրն այն է, որ ՀՀԿ-ի առաջարկներն իրատեսական չեն եղել: Իրենք ուզում էին, որ բացի ընտրողների գրանցումից նաեւ քվեարկությունը տեղի ունենա սարքով: Կամ ուզում էին, որ քվեարկությունը լիներ միայն նույնականացման քարտով:

Համապատասխան հանձնաժողովում այս հարցի քննարկմանը երկու ՀՀԿ-ական պատգամավոր է եղել եւ ոչ մի առաջարկ չի ներկայացվել»,-հայտարարեց Լենա Նազարյանը՝ հավելելով, որ սրանից բխում է, որ ՀՀԿ-ի միակ նպատակն է ցույց տալ, որ պրոցեսը ժողովրդավարական չէ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը հայտարարել էր, որ ՀՀԿ-ն Ընտրական օրենսգրքի փոփոխություններին դեմ արտահայտվելով քաղաքական շահ չի հետապնդում, քանի որ դեռ հարց է, որն է իրենց համար ավելի ձեռնտու՝ գործող օրենսգիրքը, թե առաջարկվողը: