Հեղափոխությունն ընթացք է, շարունակվող ընթացք, եւ այդ ընթացքն իր հանգրվաններն ունի։ Այս մասին Լիբանանում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն` անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը։

«Կուզեմ մեկ կետ կարեւորությամբ ընդգծել, որ հեղափոխությունն ընթացք է, շարունակվող ընթացք, եւ այդ ընթացքն իր հանգրվաններն ունի։ Կարելի չէ մի քանի ամսվա ընթացքին ամեն բան իրագործել։ Հետեւաբար՝ պետք է այդ հեղափոխության ընթացքին հետեւել, որպեսզի յուրաքանչյուր հանգրվանին ժողովրդի մասնակցությամբ կարելի լինի կատարել այն, ինչ որ հեղափոխության հիմնական նպատակներն էին»,- ասել է նա։

Նա խորհուրդ տվեց ՀՀ նոր իշխանություններին՝ գործել օրենքով եւ ժողովրդի կամքով. «Իշխանությունների առաջ հիմնական ժողովուրդն է, հայրենիքը ժողովուրդն է, պետությունը ժողովուրդն է, եկեղեցին ժողովուրդն է, կազմակերպությունը ժողովուրդն է, հետեւաբար՝ ժողովրդի տեսակետը, մոտեցումը, պոռթկումը, սպասումը, մասնակցությունը շատ կարեւոր է, այլապես որեւէ մեկ նախաձեռնություն, որեւէ մեկ հեղափոխություն իր իմաստն ու նպատակը կորցնում է։ Դրա համար, ես կարծում եմ, որ այս հանգրվանին կարելի չէ որեւէ մեկ դատողություն կատարել, հեղափոխությունը շարունակվում է՝ որպես գործընթաց։ Մի կողմից՝ պետք է ականջալուր եւ ականատես լինել ժողովրդի սպասումներին, եւ մյուս կողմից՝ տեսնել, թե հանգրվանային ընթացքով ինչ փոփոխություններ են կատարվում Հայաստանում»,– ասել է նա։

Ըստ նրա՝ հեղափոխության ընթացքի մղիչ ուժը պետք է դառնա օրենքի գերակայությունը. «Հետեւաբար՝ օրենքը եւ օրինականությունն առանց խտրության պետք է մղիչ ուժը դառնան այս հեղափոխական ընթացքի, եւ երկրորդ՝ համարատվությունը։ Իշխանությունը գալիս է ժողովրդից, եւ իշխանությունն իր կյանքով ու գործով, իր նպատակերով եւ իրագործումներով միշտ համարատու պետք է լինի ժողովրդին։ Հետեւաբար՝ ժողովրդի մասնակցությունն այս հեղափոխական ընթացքին կենսական անհրաժեշտություն է»։