Մենք հերթական անգամ ստեղծել ենք պրոբլեմ ու ուզում ենք այն հերոսաբար հաղթահարել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով, երբ խոսում ենք ճգնաժամի ու ֆորսմաժորի մասին, պետք է ճիշտ  գնահատենք, թե ինչի պատճառով են առաջացել. «Դա առաջացել է այն պատճառով, որ կա պարտադրանք ամեն գնով ընտրություններն անցկացնել դեկտեմբերին: Սա առաջացրել է լուրջ խնդիրներ: Կընդունենք Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, թե ոչ, գնում ենք ընտրությունների համար մրցակցային ոչ լիարժեք դաշտ ձեւավորելով: Դրանից տուժելու է ընտրությունների որակը: Որովհետեւ եթե չենք ընդունում նոր օրենսգիրքը, մնում է հինը,. Որը բոլորիս համար անընդունելի է, իսկ եթե ընդունում ենք օրենսգիրքը, ունենում ենք մի վիճակ, երբ օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց մեկ ամիս անցկացնում ենք ընտրություններ, ինչը եւս վատ է»,-հայտարարեց Ռուստամյանը:

Նա նկատեց, որ հիմա ամեն բան հարմարեցվում է դեկտեմբերին ընտրություններ անցկացնելուն, այդ թվում թույլ է տրվում, որ ընտրական հանձնաժողովների անդամները ուսուցում չանցնեն:

Ռուստամյանը հիշեցրեց, որ իրենք առաջարկել էին, որ բաց համամասնական ցուցակներով լինի ընտրությունը, որ ընդդիմության նվազագույն ներկայացվածությունը 1/3-ից ավելացվի, ինչը չի ընդունվել: «Եթե այսօր խոսում ենք սուպերվարչապետական համակարգից, ես վախենամ վաղը գնանք սուպերնախագահական համակարգի: Հաջորդը, միշտ բաց է մնում հարցը՝ ընտրությունները կեղծվել են, թե ոչ: Մենք հստակ գործիք ենք առաջարկել, որ որոշվի՝ վերջապես, կեղծվել են ընտրությունները, թե ոչ: Ինչու եք դրան էլ դեմ: Եթե ընդունում եք գաղափարը, դա ներառեք գոնե անցումային դրույթների մեջ: Եթե հիմա չեք կարողանում, քանի որ դեկտեմբերին պետք է ընտրություններ լինեն, գոնե անցումայինի մեջ ներառեք»,-ընդգծեց Ռուստամյանը՝ հավեելով, որ բոլոր դեպքերում իրենք կողմ են ընտրական օրենսգրքի այս փոփոխություններին: