Երբ Սերժ Սարգսյանին երրորդ անգամ տանում, դարձնում էիք երկրի ղեկավար, այդ ժամանակ ժողովրդավարության տակ ական չկա՞ր: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանի հայտարարությանը, թե հապշտապ Ընտրական օրենսգիրք ընդունելով ական է դրվում հայկական ժողովրդավարության տակ:

«Սուպերվարչապետության մասին եք խոսում: Դուք էս դահլիճում չէի՞ք, երբ այդ օրենքը կարվում էր Սերժ Սարգսյանի չափերով: Այդ ժամանակ այդ ականները ժողովրդավարության տակ չկա՞ր: Կար: Բա ինչու այդ ժամանակ դրա մասին չէր խոսվում: Դա այն ժամանակ ձեռնտու չէր»,-ասաց նա:

Նա անդրադարձավ պնդմանը, թե Ընտրական օրենսգիրքը հապճեպ է փոխվում. «Էն որ էստեղ 18.30-ին ձեռքով քվեարկելով, լրագրողների համար ձայնը անջատելով շատ արագ օրենք էր բերվել, որ մարդկանց արագ կանգնեցվի, դա հապճեպ չէ՞ր: Դա էր հապճեպ, իսկ սա մենք անում ենք Հայաստանի համար, որպեսզի ՀՅԴ-ն, որ նախորդ ընտրություններում 5,1 տոկոս էր ստացել, հավաքի այնքան ձայն, որ Դաշնակցության մեր գործընկերները, որոնց գործունեությունն իրոք պետքական է, իրոք լինեն  ներկայացված ԱԺ-ում»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Նա ընդգծեց, որ առաջիկա ԱԺ ընտրությունները ՀՀԿ-ի մասին են լինելու. «Այն մասին, որ չի կարելի եւ չպետք է քվեարկել ՀՀԿ-ի համար:

Ես համաձայն չեմ նաեւ իմ գործընկերների հետ, որոնք հորդորում են ՀՀԿ-ին կողմ քվեարկել Ընտրական օրենսգրքի փոփոխություններին: Ուզում եք քվեարկեք, ուզում եք՝ մի քվեարկեք, ձեր գործն է: Մենք պատրաստ ենք գնալ ընտրությունների ցանկացած օրենսգրքի պայմաններում»,-ասաց Ալեն Սիմոնյանը: