Եվրասիական տնտեսական միությունը ակտիվ միջազգային գործունեությամբ է զբաղվում՝ աստիճանաբար ամրապնդելով իր ճանաչելիությունը համաշխարհային հարթակներում: Այս մասին հոկտեմբերի 22-ին Երեւանում «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովի բացման ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման եւ մակրոտնտեսության հարցով կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան։

Նրա խոսքով՝ ձեռք բերված մակարդակը թույլ է տալիս Միությանը տրամաբանորեն ինտեգրվել ժամանակակից համաշխարհային տնտեսական ճարտարապետությանը եւ մասնակցել մեգագործընկերությունների ձեւավորմանը, մասնավորապես Եվրասիական մայրցամաքային գործընկերությանը։

«Այդպիսի նախագծի ուրվագծերի քննարկման ժամանակ կարեւոր է հասկանալ եւ լսել ինչպես Միության անդամ երկրների գործարար շրջանակների, այնպես էլ Եվրասիայում մյուս հիմնական խաղացողների դիրքորոշումը, քանի որ որպես վերջնական նպատակ մենք տեսնում ենք առավել հարմարավետ, առանց արհեստական խոչընդոտների բիզնեսի վարման պայմաններ ստեղծումը ամբողջ մայրցամաքում»,–նշել է Վալովայան։

Հիշեցնենք, որ Երեւանում ընթանում է «Եվրասիական շաբաթ» Եվրասիական տնտեսական միության ամենամյա գործնական միջոցառումը, որը կտեւի մինչեւ հոկտեմբերի 24-ը:

Համաժողովը մի հարթակի վրա կգումարի Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ-պետությունների եւ Միության գործընկեր-երկրների կառավարությունների ոլորտային փոխնախագահներին եւ նախարարներին, պետական կորպորացիաների եւ առաջատար բիզնեսի ղեկավարներին:

«Եվրասիական շաբաթ» համաժողովի ընթացքում կանցկացվեն ինտերակտիվ հարցումներ, շնորհանդեսներ, գործնական բանակցություններ, կրթական նստաշրջաններ եւ գործարարների համար բիզնես-դասընթացներ:

Համաժողովի կարեւոր իրադարձությունը կլինի ԵՏՄ-ի արտահանման եւ կոոպերացիոն ներուժի ցուցահանդեսը, որը կանցկացվի համաժողովի հարթակում վերջինիս անցկացման ողջ ժամանակահատվածում:

Ցուցահանդեսին կմասնակցեն ավելի քան 120 ընկերություն հետեւյալ ոլորտներից՝ գյուղատնտեսություն, թեթեւ արդյունաբերություն, ճշգրիտ ճարտարագիտություն եւ ՏՏ-տեխնոլոգիաներ, նորարարական շինանյութեր, ոսկերչական  արդյունաբերություն, դեղագործություն: