ԵՏՄ–ն պետք է տնտեսական հարաբերություններ կառուցի նաեւ այլ երկրների հետ, որոնք չեն մտնում միության կազմի մեջ, այդ թվում՝ Չինաստանի ու Իրանի հետ, ինչպես նաեւ Եվրոպայի երկրների հետ։ NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում այսպիսի տեսակետ  է հայտնել The EURASIA CENTER–ի փոխնախագահ Էրլ Ռասմուսենը։

Նրա խոսքով՝ ԵՏՄ–ի առաջ կանգնած ամենալուրջ մարտահրավերներից մեկն այսօր այլ երկրների հետ ճիշտ հարաբերությունների կառուցումն է։ Անհրաժեշտ է  հասկանալ՝ ինչպես ամեն ինչ գրագետ անել, որ ԵՏՄ ծառայություններն ու ապրանքները մրցունակ լինեն այլ շուկաներում եւ համապատասխանեն նրանց իրենց մակարդակով։

ԵՏՄ–ն, Ռասմուսենի կարծիքով, հետաքրքիր կոնցեպտ է, յուրահատուկ կամուրջ Ասիայի, Եվրոպայի եւ Միջին Արեւելքի միջեւ:

Միությունը շատ հետաքրքիր նախաձեռնություններ եւ հայեցակարգեր ունի, օրինակ, միասնական օդային տիրույթ ստեղծելու մասին, ավիացիայի համատեղ զարգացման մասին եւ այլն:

Ավելին, ԵՏՄ–ն կարող է անհրաժեշտ պայմաններ ստեղծել փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար, հնարավորություն տալ նրանց աճել ոչ միայն ԵՏՄ-ի շրջանակներում, այլ նաեւ մուտք գործել միջազգային շուկա:

Էրլ Ռասմուսենը Հայաստան է ժամանել «Եվրասիական շաբաթ» Եվրասիական տնտեսական միության միջազգային ցուցահանդեսային համաժողովին մասնակցելու համար, որը անցկացվում է  Երեւանում հոկտեմբերի 22-24-ին։

Համաժողովը մի հարթակի վրա կգումարի Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ-պետությունների եւ Միության գործընկեր-երկրների կառավարությունների ոլորտային փոխնախագահներին եւ նախարարներին, պետական կորպորացիաների եւ առաջատար բիզնեսի ղեկավարներին:

«Եվրասիական շաբաթ» համաժողովի ընթացքում կանցկացվեն ինտերակտիվ հարցումներ, շնորհանդեսներ, գործնական բանակցություններ, կրթական նստաշրջաններ եւ գործարարների համար բիզնես-դասընթացներ:

Համաժողովի կարեւոր իրադարձությունը կլինի ԵՏՄ-ի արտահանման եւ կոոպերացիոն ներուժի ցուցահանդեսը, որը կանցկացվի համաժողովի հարթակում վերջինիս անցկացման ողջ ժամանակահատվածում:

Ցուցահանդեսին կմասնակցեն ավելի քան 120 ընկերություն հետեւյալ ոլորտներից՝ գյուղատնտեսություն, թեթեւ արդյունաբերություն, ճշգրիտ ճարտարագիտություն եւ ՏՏ-տեխնոլոգիաներ, նորարարական շինանյութեր, ոսկերչական  արդյունաբերություն, դեղագործություն: