ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՌԴ աշխատանքային այցի շրջանակում հոկտեմբերի 22-ին Մոսկվայի պետական պատմության թանգարանում հանդիպել է Ռուսաստանի պատմական միության նախագահության անդամ, «Հայրենիքի պատմություն» ֆոնդի գործադիր տնօրեն Կոնստանտին Մոգիլեւսկու հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական դարավոր դաշնակցային հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Զրուցակիցները կարեւորել են երկու բարեկամ ժողովուրդների պատմությանը նվիրված համաժողովների անցկացումը եւ այդ համատեքստում ընդգծել այս տարի Մոսկվայում հայ-ռուսական ռազմական եղբայրությանը նվիրված միջոցառման կազմակերպումը, որի թեման կլինի Հայրենական մեծ պատերազմում հայերի մասնակցությունը:

Էդուարդ Շարմազանովը նշել է, որ դեռեւս Կիեւյան Ռուսիայի ժամանակաշրջանում երկու ժողովուրդների միջեւ ձեւավորվել են տնտեսական, ռազմական, քաղաքական եւ մշակութային կապեր, հայերը մեծ մասնակցություն են ունեցել թե Ռուս-թուրքական, թե Հայրենական մեծ պատերազմներում, բազմաթիվ հայ գեներալներ ու սպաներ իրենց ուրույն մասնակցությունն են ունեցել ռուսական կայսրության հզորացման գործում:

«Անգնահատելի է հայ ժողովրդի զավակների ներդրումը Ռուսաստանի հասարակական-քաղաքական ու մշակութային կյանքում: Հայ ժողովրդի զավակներն էական ներդրում են ունեցել ֆաշիզմի դեմ պայքարում: Հայրենական մեծ պատերազմում վեց հարյուր հազարից ավելի հայորդիներ մեկնեցին ռազմաճակատ, որից երեք հարյուր տասնչորսը զոհվեցին: Մենք պետք է միասնաբար պայքարենք ֆաշիզմի, ռասիզմի, ռազմական հռետորաբանության եւ այլատյացության ցանկացած դրսեւորման դեմ»,- ընդգծել է ՀՀ ԱԺ փոխնախագահը: