Արցախի Մարտունու շրջանի Շեխեր եւ Ֆրանսիայի Առնուվիլ համայնքների միջեւ հոկտեմբերի 22-ին ստորագրվել Բարեկամության հռչակագիր: Փաստաթուղթը ստորագրել են Շեխերի համայնքապետ Մխիթար Մանգասարյանը եւ Առնուվիլի քաղաքապետ Պասկալ Դոլը:

Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Շեխերում տեղի ունեցած ստորագրման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, «Ֆրանսիա-Արցախ» Բարեկամության շրջանակի փոխնախագահ Ֆրանսուա Պուպոնին եւ Բարեկամության շրջանակի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանը:

Հռչակագրում, մասնավորապես, նշված է, որ Շեխեր եւ Առնուվիլ համայնքները բարեկամական հարաբերություններ են հաստատում՝ հիմնված այնպիսի համամարդկային արժեքների վրա, ինչպիսիք են խաղաղությունը, ազատությունը եւ ժողովրդավարությունը։ Հռչակագիրը կոչված է նպաստելու երկու համայնքների միջեւ համագործակցության զարգացմանը, ինչպես նաեւ վարչական կառավարման, տնտեսության, կրթության, մշակույթի եւ այլ ոլորտներում փորձի փոխանակմանը: