Առերևույթ ընտրական հանցագործության 41 դեպք են արձանագրել մարզերի դատախազությունները՝ ամփոփելով 49 համայնքների ՏԻՄ ընտրությունները։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են  ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Դրանցից 8-ը ստացել են ԶԼՄ հրապարակումների մոնիթորինգի արդյունքնում, 19-ը՝ քաղաքացիների կողմից ՀՀ ոստիկանություն կատարված ահազանգերի, 14-ը՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների զեկուցագրերի արդյունքնում:

Նշված 41 դեպքից 11-ը վերաբերում է քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, 4-ը մեկից ավելի անգամ քվեարկելուն, 4-ը՝ այլ անձի փոխարեն քվեարկելուն, 3-ը՝ քվեարկության գաղտնիության խախտմանը, 1-ական՝ ընտրակաշառք տալուն, կեղծ քվեաթերթ հանձնելուն, ընտրողների ցուցակը քաղաքացիներին տրամադրելու կարգի խախտմանը, իսկ 16-ը՝ այլ դեպքերի:

24 հաղորդում կամ ահազանգ պարունակել են ենթադրյալ ընտրական իրավախախտման վերաբերյալ վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ, և ստուգողական գործողություններ կատարելու նպատակով ստուգվել կամ ստուգվում են ՀՀ ոստիկանության կողմից:

17 դեպքի առթիվ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ոստիկանության և քննչական մարմիններում նախապատրաստվում են նյութեր:

Կոտայքի մարզում արձանագրվել է առերևույթ իրավախախտման 17 դեպք, որոնցից 4-ը՝ այլ անձի փոխարեն քվեարկելու, 1-ը կրկնակի քվեարկության փորձ կատարելու, 2-ը՝ քվեարկության գաղտնիության խախտման, 10՝ այլնի վերաբերյալ: Նշվածներից 9-դեպքով նախապատրաստվում են նյութեր: