Էրեբունի բժշկական կենտրոնից հոկտեմբերի 20-ին ոստիկանության Շենգավիթի բաժին հայտնել էին, որ «կրծքավանդակի բութ վնասվածք, աջից 7-րդ, 8-րդ կողերի կոտրվածք, քթոսկրերի կոտրվածք, թոքերի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները պարզել են , որ վիրավորը 49-ամյա Ջանիկ Ե.-ն է, որը բժիշկների հայտարարությամբ՝ ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է հատուկ բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները պարզել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել իրենց շենքի բակից, որտեղ մի խումբ անձանց կողմից ծեծի է ենթարկվել: Աղբյուրի տեղեկություններով՝ պարզվել է, որ Ջանիկ Ե.-ին իր ընկերների հետ ծեծի է ենթարկել 33-ամյա Վիլեն Ս.-ն: Վերջինս հայտնաբերվել է եւ ներկայացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ կատարվածի մասին բացատրություններ տալուց հետո ազատ է արձակվել: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Վլիեն Ս.-ի ընկերների ինքնությունը պարզելու եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Աղբյուրի տեղեկություններով՝ Վիլեն Ս.-ն աշխատում է «Սուրբ Գրիբոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում՝ որպես բժիշկ: